«Ինչ վերաբերում է կասկածյալների շրջանակներին, մի բան հաստատ է՝ մենք կապ չունենք այդ կրակոցների հետ: Դա հստակ է, եւ դա էականորեն կփոքրացնի կասկածյալների ցուցակը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների հետ կապված հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Մեր հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանից որեւէ ցուցում չի ստացել որեւէ քրգործի առնչությամբ եւ առհասարակ: Ինչքանո՞վ էր անկեղծ Կոստանյանը, Հայաստանում հնարավո՞ր է մեկը գլխավոր դատախազ աշխատի եւ որեւէ ցուցում չստանա նախագահից:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե դիտարկելու լինենք սահմանադրական նորմը, երկրի նախագահը երկրի գլուխն է, որ համակարգում է երկրի օրենսդիր, գործադիր, դատական իշխանության բնականոն աշխատանքը: Այդ տեսակետից պարզ է, որ չի կարող որեւէ հանձնարարություն չլինի: Թե որքանով է անկեղծ Գեւորգ Կոստանյանը՝ դժվարանում եմ ասել: Հավատում եմ, որ Գեւորգ Կոստանյանի հայտարարությանը, բայց նաեւ ուզում եմ դատել արդյունքներով: Երբ արդյունքները լիարժեք համոզիչ կլինեն, այդ ժամանակ խոսքն էլ համոզիչ կդառնա»:
Անդրադառնալով ՀԷՑ-ի հիմնավորումներին՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված՝ Արծվիկ Մինասյանն ասաց՝ մի քանի հարցեր կան, որ մնացել են օդում կախված՝ էներգետիկ համակարգը շատ լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Քանի դեռ չկա ամբողջական գնահատական, տարբեր հիմնավորումներ կարող են դնել հիմքում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ