Մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններ:
Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային մի շարք միջոցառումներ` ուսումնասիրվել են նշված 2 կազմակերպության սանիտարահիգիենիկ պայմանները, հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից իրականացվել են նմուշառումներ: Ինչպես սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրության, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 դեկտեմբերի 20-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1. սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» և 2013 թվականի օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանների պահանջների կոպիտ խախտումներ: Հիվանդներից հայտնաբերվել է շիգելլա զոնե, իսկ խոհանոցների և խմբասենյակների մի շարք առարկաներից՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:
Մայիսի 22-ի դրությամբ Արմավիր և Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիր քաղաքի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են գրեթե միաժամանակ, լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շիգելլա զոնեն բնորոշ է սննդային գործոնին: Հետևաբար՝ համաճարակաբանական օրինաչափությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված տեղային (լոկալ) բռնկում` երկրորդային աղտոտվածության հետևանքով:
Կարդացեք նաև
Դեպքերի մասին տեղեկացվել են ինչպես տարածքային կառավարման և համայնքների ղեկավարները, այնպես էլ` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս ոլորտում հետևողական և սկզբունքային աշխատանքները շարունակվելու են։
ՀՀ առողջապահության նախարարություն