Գոհար Ենոքյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի մեկնաբանությունները www.aravot.am եւ www.168.am կայքերին:
– Դուք լսեցիք ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գխավոր դատախազի հայտարարությունը, թե Գոհար Ենոքյանին մեղադրանք առաջադրելու համար ունեն բավարար ապացույցներ, ինչ կասեք այդ մասին:
-Նախ ընդհանուր ելույթի հետ կապված իմ տպավորությունն այնպիսին էր, որ դա ընդամենը անտեղյակ լսարանի մոտ իրենց կատարած անօրինական գործողությունները արդարացնելու միտում ուներ և ամենաանընդունելին այն էր, որ փորձ էր արվում ներկայացնել, թե ՀՀ գլխավոր դատախազը խստորեն պահպանում է օրինականության և օրենքի առջև հավասարության սկզբունքը, մինչդեռ դրա անիրական լինելն այնքան բացահայտ է, որ չտեսնել ուղղակի անհնար է:
Եթե մինչ այս պահը իմ ենթադրությունն էր, որ Գոհար Ենոքյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը իրականացվում է ՀՀ գլխավոր դատախազի գիտությամբ, ապա ԱԺ-ում նրա պատասխաններից ակնհայտ դարձավ, որ նշված ապօրինությունների մասին հստակ տեղյակ է ՀՀ գլխավոր դատախազը և փաստորեն դրանք կատարվել են հենց իր գիտությամբ և մեծ հավանականությամբ` հենց իր ցուցումով, քանի որ նման ծավալի ապօրինություն դժվար թե կարողանար ինքնուրույնաբար իրականացնել հսկողություն իրականացնող դատախազը, կամ վարույթն իրականացնող քննիչը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է գլխավոր դատախազի հայտարարությանը, թե առկա են բավարար ապացույցներ Գոհար Ենոքյանին մեղադրանք առաջադրելու համար, ապա ես հրապարակային ու պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ գոյություն չունի նման որևէ ապացույց, որը հիմք հանդիսանար Գոհար Ենոքյանին նման մեղադրանք առաջադրելու համար:
Ասեմ ավելին, չբացահայտելով «ապացույց» կոչվածի բովանդակությունը, եթե օբյեկտիվ մոտեցում լիներ և դիմումի կապակցությամբ հետաքննություն իրականացվեր, ապա տվյալ փաստական տվյալները՝ «ապացույցները», անգամ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ չէին կարող, էլ ինչ մնում է ձերբակալման, մեղադրանքի առաջադրման ու խափանման միջոց կիրառելու հիմք դառնային: Այսքանից հետո, դեռ խոսում են օրենքի առջև հավասարության մասին:
Ձեզ հավաստիացնում եմ, եթե իրականության մեջ վերագրվող դեպքը տեղի ունեցած լիներ և ՀՀ գլխավոր դատախազությունը ունենար գոնե մեկ ապացույց, կրկնում եմ՝ գոնե մեկ ապացույց, ապա շուրջ մեկ տարի նախաքննություն չէր իրականացնի, այլ վաղուց քրեական գործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվեր դատարան: Մինչդեռ, այստեղ բոլորովին այլ իրողություններ են:
Կա հստակ մեկ նպատակ, ամեն գնով Գոհար Ենոքյանին ներքաշել հորինված պատմության մեջ՝ գույքային խնդիրներ լուծելու նպատակով: Ու սա փաստորեն կատարվում է օրինականություն ապահովող գլխավոր մարմնի ղեկավարի գիտությամբ ու ելույթից դատելով, ենթադրում եմ՝ անմիջական հանձնարարությամբ:
Շուրջ մեկ տարի է ներգրավված եմ նշված քրեական գործում և համապատասխան դատավարական գործողությունների ժամանակ, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանին դեռևս չի ներկայացվել որևէ վերաբերելի փաստ կամ օբյեկտիվ որևէ ապացույց, որն անգամ կասկածյալ ներգրավելու հիմք կարող էր հանդիսանալ:
Ինչ վերաբերվում է գլխավոր դատախազի այն հայտարարությանը, թե ինքը բողոք չի ստացել Գոհար Ենոքյանից, ապա նշեմ, որ Գոհար Ենոքյանի ձերբակալման հենց հաջորդ օրը` մայիսի 5-ին, իմ կողմից գրավոր բողոք է ներկայացվել նշված ապօրինությունների դեմ, սակայն մինչ օրս որևէ պատասխան չկա, այսինքն` ՀՀ գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործության:
Առաջադրված մեղադրանքի առնչությամբ Գոհար Ենոքյանն իր դիրքորոշումը հայտնվել է ցուցմունքով, որով իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և այդ ամենը որակել ապօրինություն` իր գույքը հափշտակելու նպատակով:
Զանգվածային լրատվության միջոցներով մայիսի 13-ին հրապարակվել է Գոհար Ենոքյանի բաց նամակը, որով մանրամասն անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքի ապօրինի լինելուն, դրա առաջադրման շարժառիթներին, ընդ որում հրապարակային հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, որն օրինական առիթ է հանդիսանում առնվազն քրեական գործ հարուցելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար, սակայն ՀՀ գլխավոր դատախազը արհամարհական վերաբերմունք է դրսևորում տվյալ հրապարակմանը, որով էլ արտահայտում է իր արհամարհական վերաբերմունքը Գոհար Ենոքյանի իրավունքների նկատմամբ և դարձյալ բացահայտ ցույց տալիս օրենքը ընտրանքային ու խտրական կիրառելու հանգամանքը, հակասելով իր իսկ ելույթներին:
Բացի այդ, ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու դեմ իմ կողմից հերթական անգամ երեկ ևս գրավոր բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին: Անկեղծ ասած, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքները իմաստազրկվում են, քանի որ նշված քրեական գործով շուրջ մեկ տարի տևող նախաքննության ընթացում բազմաթիվ բողոքներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որոնք անհիմն կերպով մերժվել են, որոշ դեպքերում քննարկումը հետաձգվել և միայն այն հանգամանքը, որ ապօրինի մեղադրանքը առաջադրվել է հենց ՀՀ գլխավոր դատախազության դատախազի կողմից, արդեն իսկ բացահայտվել էր ապօրինությունների ծագումը:
Բացի այդ, անգամ եթե տեսականորեն ընդունեինք, որ Գոհար Ենոքյանը բողոք ներկայացրած չլիներ, որևէ կերպ արտահայտած չլիներ իր վերաբերմունքը, ապա դա ՀՀ գլխավոր դատախազին չէր զրկում ապօրինի քրեական հետապնդումը կանխարգելելու հնարավորությունից, քանի որ դատախազության գլխավոր առաքելությունը օրինականության ապահովումն է, այլ ոչ թե ապօրինությունների սանձազերծումը, հովանավորումը և խրախուսումը, ինչպես կատարվում է Գոհար Ենոքյանի գործի պարագայում:
Ոչ միայն երեկվա, այլև տարբեր ելույթներում ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է օրենքի առջև հավասարության սկզբունքի ապահովման ջատագով լինելու մասին, մինչդեռ կոնկրետ գործերին ծանոթ մարդիկ հստակ գիտեն, որ բացարձակապես նշված սկզբունքի կիրառումը չի ապահովվում ՀՀ գլխավոր դատախազության ու կոնկրետ այս գործով` ՀՀ գլխավոր դատախազի կողմից:
Քանի որ գործի քննությունն իրականացնում է քննչական մարմինը, ապացույցները և գործի ողջ նյութերը գտնվում են վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ և հենց նա պետք է դրանք գնահատելով որոշում կայացնի անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մինչդեռ, ինչպես գիտեք, այս գործով դատախազն է Գոհար Ենոքյանին մեղադրյալ ներգրավելու մասին ակնհայտ ապօրինի որոշում կայացրել, որն էլ վկայում է այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար ապացույցներ չի ունեցել անձին մեղադրանք առաջադրելու համար և այդ պատճառով ՀՀ գլխավոր դատախազությունն օգտվելով իր դատավարական լիազորություններից, իսկ կոնկրետ դեպքում իմ կարծիքով, չարաշահելով իր լիազորությունները, առանց բավարար ապացույցների համակցության անձին առաջադրել է ապօրինի մեղադրանք:
Էլ չենք խոսում վարույթն իրականացնող մարմնի կողմից ապօրինի ձերբակալման մասին, որի վերաբերյալ Գոհար Ենոքյանի՝ հանցագործության մասին հրապարակային հաղորդումը դեռևս որևէ ընթացք չի ստացել: Ցավալիորեն հանդիպում ենք մի իրավիճակի, երբ գործ ունենք ամենաթողության հետ և փաստորեն ՀՀ գլխավոր դատախազությունն իր քմահաճույքով մեկին կարող է մեղադրանք առաջադրել առանց բավարար ապացույցների գոյության, իսկ մեկ այլ անձին անգամ բացահայտ ապացույցների առկայությամբ` ազատել պատասխանատվությունից և դա անել նեղ անձնական շահեր սպասարկելով:
Թերթերում, իհարկե, զուգահեռներ կային անցկացված այն մասին, որ նույն Գորիսի դեպքերով կոնկրետ անձինք, կոնկրետ մատնանշում են անձին որպես հանցագործություն կատարողի, սակայն անձը կանչվում է որպես վկա: Իսկ Գոհար Ենոքյանի պարագայում, երբ առկա չէ որևէ օբյեկտիվ փաստական տվյալ, շուրջ մեկ տարի տևող նախաքննության ընթացքում որևէ անգամ չի կանչվել ու հարցաքննվել, հանկարծ առաջին անգամ ծանուցվում է և ձերբակալվում, այն դեպքում, երբ կասկածյալի կարգավիճակ կարող էր տրվել նաև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ընտրությամբ և այնպես չէր, որ 72 ժամը լրանալուց հետո նոր պարզվեց, որ Գոհար Ենոքյանը կին է, 73 տարեկան և վատառողջ, ինչպես նշված էր դատախազության հաղորդագրության մեջ:
Ավելին, նախաքննության ընթացում, մոտ տաս ամիս առաջ, ինքս եմ միջնորդել տվյալ քրեական գործով հրավիրել և որպես վկա հարցաքննել Գոհար Ենոքյանին, սակայն վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ իմ միջնորդության քննարկումը հետաձգվել է և ամենազավեշտալին այն է, որ որպես ձերբակալման նպատակ նշվել էր՝ «անձի փախուստը կանխելու նպատակով»:
Այսինքն, սույն գործով ցանկացած հանգամանք, որը նշվում է դատախազության կողմից, որևէ առողջ քննադատության չի կարող դիմանալ և եթե հնարավորություն լիներ և «նախաքննության գաղտնիության» քողի տակ պատսպարվելու օրենսդրական հնարավորությունը չլիներ վարույթն իրականացնող մարմնի կամ դատախազության համար, ապա ես պատրաստ եմ դատախազության ցանկացած ներկայացուցչի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնել, որից հասարակությունը կհասկանար, թե ի վերջո որն է իրականությունը և որքանով են ԱԺ ամբիոնից հնչեցվող տեսակետները համապատասխանում իրականությանը:
Գլխավոր դատախազը պատասխանատու ամբիոնից հայտարարում է, որ գոյություն ունեն ապացույցներ անձին մեղադրանք առաջադրելու համար, սակայն նախաքննության գաղտնիության անվան տակ չի հրապարակում դրա բովանդակությունը և հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծելով, ակնհայտորեն ոտնահարում է Գոհար Ենոքյանի պատիվը և գործարար համբավը:
Ցավալիորեն բախվում ենք մի իրողության, որ ապօրինությունների, ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու ակունքներում կանգնած է մի մարմին, որը հենց կոչված է կանխելու երկրում տիրող անօրինականությունները և, այդ իսկ պատճառով, ամիսներ շարունակ նշված քրեական գործով իմ կողմից ներկայացվող բողոքների մեկ օրինակը ստիպված ուղարկում եմ ՀՀ նախագահի աշխատակազմին, հույս ունենալով, որ ներքին կարգով զսպվածության կոչ անեն դատախազությանը և չթույլատրել այս ծավալի բացահայտ ապօրինություններ, սակայն Ազգային ժողովի ելույթից պարզ դարձավ, որ մարդու իրավունքները, օրինականության սկզբունքի պահպանումը, օրենքի առջև հավասարությունը և մի շարք այլ քրեադատավարական սկզբունքներ սոսկ ձևականորեն են ընկալվում ու կիրառվում այդ մարմնի կողմից:
Եվ եթե երկրում օրինականություն ապահովող գլխավոր մարմինը թույլ է տալիս սանձազերծել ապօրինի քրեական հետապնդում, 73 տարեկան անբասիր կենսագրությամբ կին ձերբակալել` գոյություն չունեցած դեպքով ու գոյություն չունեցող ապացույցներով, արդեն դա մտորումների տեղիք է տալիս և այս հարցը պետք է դիտարկել նաև երկրում օրեցօր ավելացող արտագաղթի համատեքստում, քանի որ ստեղծվել է մի մթնոլորտ, որ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացին պաշտպանված չէ ապօրինի քրեական հետապնդումից, ապօրինի ձերբակալումից և ի վերջո նման մեթոդների կիրառմամբ սեփականությունից զրկվելու մեծագույն վտանգի առաջ է կանգնած, որն էլ ներկայիս տնտեսության համար հերթական չարիքն է դառնում, քանի որ հարյուրավոր արտասահմանյան գործարարներ սերտ կապերի մեջ են Գոհար Ենոքյանի հետ և տեսնելով նրա նկատմամբ սանձազերծված ապօրինությունները ձեռնպահ են մնում Հայաստանում գործունեություն ծավալելու մտքից, հստակ գիտակցելով, որ Հայաստանում մարդը պաշտպանված չէ ապօրինի հետապնդումից և ունեզրկումից:
Ես դարձյալ օգտվելով առիթից, դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին և արդեն իսկ հրապարակավ խնդրում, որպեսզի Գոհար Ենոքյանի վերաբերյալ ակնհայտ անհիմն քրեական հետապնդումը դադարեցվի, հարգվի ու պաշտպանվի օրինականության սկզբունքը: