«Կոչ ենք անում, որ մայիսի 27-ին ամբողջ ժողովուրդը դուրս գա երթի, որ իշխանությունները հասկանան, ամեն ինչ չէ, որ կարող են մարսել: Պետք է այս բեսպրեդելը, թալանը կանգնեցնեն»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ համայնքների խոշորացման հանրաքվեին՝ ասելով, որ «Մենք ընդունեցինք իշխանությունների մարտահրավերը եւ այս խաղում հաղթեցինք իշխանություններին 2:1 հաշվով»
Հարցին՝ հնարավո՞ր է ստեղծվի նոր քառյակ՝ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարում՝ գազի հանձնաժողովի ստեղծման օրինակով: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «2012-ին, երբ ՀԱԿ-ը առաջին անգամ մուտք գործեց պառլամենտ, մենք գնում էինք միակողմանի ստորագրահավաքի պայմաներով, մեզ ոչ ոք չէր աջակցում: Շուտով ստեղծվեց համագործակցությունը, եւ կյանքի պարտադրանքը ԱԺ-ում բերեց քառյակի կայացմանը: Փետրվարյան իրադարձություններից հետո համագործակցության ձեւաչափը խարխլված է: Չկա այն ձեւաչափը, որի միջոցով նախօրոք կարող ենք պայմանավորել մեր նախաձեռնությունները: Բայց կյանքը նորից ստիպելու է գործել համագործակցության ձեւաչափով: Չեմ կարծում, որ էլեկտրաէներեգիայի սակագնի դեմ պայքարը կլինի այն փորձաքարը, որի վրա կկառուցվի այդ համագործակցությունը:
Ըստ Լեւոն Զուրաբյանի, երբ Երվանդ Զախարյանն ասում է, որ գողություն է եղել, դա ճշմարտություն է, բայց երբ ասում է, որ չունի փաստեր, դա դեմագոգիա է:
Կարդացեք նաև
Ասուլիսի վերջում Լեւոն Զուրաբյանը զարմացավ. «Ո՞նց եղավ, որ Լիսկայից հարցեր չտվեցիք»: Լրագրողների հարցին՝ Դուք կապ ունե՞ք այդ կրակոցների հետ՝ նա «Մենք բոլորս Լիսկա ենք» կարգախոսից դուրս նոր կարգախոս առաջարկեց. «Սպանե՛ք Լիսկային ձեր մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ