Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դիմում լինի, Էթիկայի հանձնաժողովում կքննեն Սեյրան Սարոյանի հարցը (Տեսանյութ)

Մայիս 22,2015 12:52

Այսօր լրագրողները ԱԺ ճեպազրույցի ժամանակ «դիտողություն» արեցին ՕԵԿ-ին, այնքան ակտիվ է, անընդհատ ՕԵԿ պատգամավորները ելույթ են ունենում, հարց են տալիս: Հումորային դիտարկմանը, որ «քիչըմ տեղ տվեք ՀՀԿ-ականներին»՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ըմբռնումով եմ մոտենում ձեր ասածին: ՕԵԿ-ը միշտ է ամենաակտիվ խմբակցությունը եղել: 2012-13-ին ամենաակտիվ խմբակցությունն է ճանաչվել խորհրդարանում»:

Հարցին՝ եթե ուղիղ հեռարձակում չլիներ, ՕԵԿ-ն էլի այդքան ակտիվ կլինե՞ր՝ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ ուղիղ հեռարձակումը ողջունելի է:

Հովհաննես Մարգարյանը ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ է, ուստի Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այն, որ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը հրապարակավ «Ժառանգության» պատգմավոր Զարուհի Փոստանջյանին վիրավորում է, ասում է՝ «Նարկամանը քո մարդն ա, քո երեխեքն են», այդ պահվածքը կարո՞ղ է դառնալ ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա եւ հնարավո՞ր է գեներալը պատժվի՝ իր այդ հակապառլամենտական պահվածքի համար:

Նա պատասխանեց. «Իհարկե, կարող է, եթե դիմում լինի»:

Մեր հարցին՝ ինչքանո՞վ է արդյունավետ այդ հանձնաժողովի աշխատանքը, որովհետեւ պատգամավորներն այդ հանձնաժողովի հետ հույս չեն կապում՝ նա պատասխանեց. «Եղել են դեպքեր, երբ խախտում եղել է, բայց որևէ իրավական հետեւանք չկա: Իմ պատկերացումներով՝ պետք է իրավական հետեւանքներ լինեն: Միայն իրավական հետեւանք կա այն դեպքերի համար, երբ պատգամավորը զբաղվում է նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ: Այդ դեպքում զրկում են մանդատից: Մնացած դեպքերում չկա իրավական հետեւանք»:

Հարցին՝ վարչապետն ասաց, որ «Նաիրիտի» պարտքերի մարումը մինչեւ տարեվերջ տեղի կունենա՝ հավատո՞ւմ եք՝ նա պատասխանեց, որ շուտով ականատես կլինեն. «Կարծում եմ, վարչապետը նույնպես մտահոգ է: Հունիսը սարերի ետեւում չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031