Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ մայիսի վերջին կներկայացվեն նոր սահմանադրության տարբերակի առաջին երեք գլուխները: Դեռևս բացի այդ երեք բաժիններից՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մյուս բաժինների վերաբերյալ քննարկում չի կատարել:
Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ այդ երեք գլուխները բաղկացած են 86 հոդվածից: Այս հատվածների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն, ընդհանուր առմամբ, դրական կարծիք են տվել, սակայն որոշ նկատառումներ արել:
Առաջին գլուխների ներկայացումից հետո հունիսի սկզբից մինչև հունիսի 12-ը հանդիպումներ կկազմակերպվեն նկատառումներ ներկայացրած քաղաքական 14 ուժերի հետ: Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն հանդիպել են ՀՅԴ, ԱԻՄ ներկայացուցիչների հետ:
ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպման ընթացքում որոշ վերապահումներ են հայտնել՝ նշելով, որ կմասնակցեն քննարկումների միայն այն դեպքում, երբ չեն քննարկվի կառավարման համակարգի հարցին վերաբերող գլուխներ:
Կարդացեք նաև
Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ նախատեսում են հուլիսի 1-2-ին նշված բաժինների վերաբերյալ քննարկում կազմակերպել Վենետիկի հանձնաժողովի հետ:
Հարցին՝ կոնկրետ ժամկետներ կարո՞ղ է հայտնել, թե գործընթացը երբ ավարտին կհասցվի, սահմանադրական հանրաքվեին ե՞րբ սպասենք, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ժամկետների վերաբերյալ որևէ կանխատեսում չեմ կարող անել, քանի որ այդ ժամկետների հարցը մասնագիտական հանձնաժողովի աշխատանքով չէ պայմանավորված: Հուլիսի 1-2-ից հետո ինչպիսին կլինեն Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, հետո ե՞րբ դրանք կներկայացնենք ՀՀ նախագահին, ինչպես նա կընդունի մոդելներն ու մոտեցումները, ի՞նչ արդյունքներ կտան քաղաքական քննարկումները, սա գործընթաց է: Հնարավոր չէ ասել, որ հանրաքվեն կանենք այս կամ այն ժամկետում: Բայց աշնանը մենք կկարողանանք մեր մասով գործընթացը հասցնել ավարտին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ