Լրահոս
Օրվա լրահոսը

Մի օր հաստատ Սասնա պարը պարելու ենք Սասունում

Մայիս 22,2015 11:59

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 21-ին կազմակերպվել էր «Մշակութային ժառանգության վերածնունդ» խորագրով սկավառակների շնորհանդեսը։

Սկավառակներից մեկը կազմված է հայ երգի մեծ երախտավոր, բանահավաք, ազգագրագետ, երգիչ Հայրիկ Մուրադյանի կատարմամբ երգերից, իսկ երկրորդը՝ «Կարին» ազգագրական երգ ու պարի խմբի կատարմամբ պարերից: Սկավառակների հետ տպագրվել է նաև գրքույկ, որն ամփոփում է երգերի նոտաները, բառերը, ներկայացված են պարերի մասին տեղեկություններ, պարերի նկարագրությունն ու խորհուրդը։

Ծրագրի նախաձեռնողը «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունն է, որն իր գաղափարը կյանքի է կոչել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

«Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ, երաժիշտ Նարինե Դելլալյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում առաջիկա ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքներում հարյուրավոր հայ պատանիներ և երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։ Մարզեր կմեկնեն և դասընթացները կանցկացնեն «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի անդամները։ Նպատակը երիտասարդ սերնդի մեջ ազգային մշակույթի տարածումն է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի «Ցեղասպանություն» և «Մերօրյա հերոսներ» անվանակարգերի ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանն ընդգծեց, որ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների շրջանակներում կարևորվում են մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները։ «Ծրագիրը կոչվում է «Կորսված ժառանգության հետքերով», բայց վստահորեն կարող եմ ասել, որ այսօր, երբ մենք գտնվում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Կոմիտասը գործը շարունակած Հայրիկ Մուրադյանի ժառանգները նրա աշխատանքները փոխանցում են նոր սերունդներին, այս ժառանգությունը կորսված չէ։ Սա ապրող և հարատևող մշակույթ է։ Եվ մի օր հաստատ Սասնա պարը կպարենք Սասունում և այս երգերն ազգովին կերգենք մեր հավաքույթներում»,- նշեց Գայանե Մանուկյանը՝ ընդգծելով նաև, որ այս ծրագիրն իրականացրել է «Հայրիկ Մուրադյան» նորաստեղծ ՀԿ-ն, ինչը վերահաստատում է այն, որ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհները միտված են նաև նորաստեղծ ՀԿ-ների զարգացմանը։

«Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ Հայրիկ Մուրադյանն առաջին մարդն էր, որ կոտրեց սոցիալիստական մշակույթ կոչվող անջրպետը և վերստին հայ մարդուն վերադարձրեց ազգային մշակույթը։ Իր կյանքը վտանգելով՝ խորհրդային մամլիչ ռեժիմի մեջ կարողացավ նորից լույս աշխարհ բերել այն երգերը, պարերը, որ բնորոշ էին հայ մարդուն։ Գագիկ Գինոսյանը նկատում է, որ մարզերում ուսուցանելու համար ընտրել են այն պարերը, որոնք համայնքային են, համեմատաբար մատչելի, որպեսզի երիտասարդությունն առաջին փուլն ավելի հեշտությամբ հաղթահարի, և կարողանան սեր ներարկել դեպի ազգային պարարվեստը։

Ամբողջ միջոցառումն ուղեկցվում էր Հայրիկ Մուրադյանի մասին հուշերով, երիտասարդների երգ ու պարով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031