Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժառանգությունը կդիմի՞ ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ ընդդեմ Սեյրան Սարոյանի

Մայիս 22,2015 11:50

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ ինչո՞ւ չեք ստորագրել ՀԱԿ-ի ստորագրահավաքի ժամանակ՝ պատասխանեց, որ խնդիր կա առաջ չընկնելու, որ ես ամենաընդդիմադիրն եմ: Դա պառակտում է մտցնում՝ միասնական հարթակում գործելու համար: Ըստ Ռուբեն Հակոբյանի, ՀԱԿ-ը պետք է նախապես խորհրդակցեր խմբակցությունների հետ:

«Ավելի համարժեք էր լսումներով կոնկրետ քայլ ձեռնարկել, քան թե հանձնաժողով ստեղծել: Հիշում եմ, որ Գորբաչովն ասել է՝ եթե ուզում եք որեւէ հարց տապալվի, ուրեմն պետք է հանձնաժողով ստեղծել: Եթե որեւէ քաղաքական ուժ մի բան նախաձեռնում է, պետք է նախապես խորհրդակցեր մյուս ուժերի հետ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դատապարտում է Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակոցների միջադեպը. «Օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն: Ցավոք, մեզ մոտ չի գործում այդ սկզբունքը: Ինչ  վերաբերում է վերջին կրակոցներին, իհարկե, դատապարտում եմ ցանկացած արարք, բայց դատախազությունը պարտավոր է խորությամբ ուսումնասիրի դրա պատճառահետեւանքային կապը»:

Aravot.am-ի հարցին՝ Զարուհի Փոստանջյանը մշտապես հանդես է գալիս Սուրիկ Խաչատրյանի մասին կոշտ հայտարարություններով, ԱԺ հայտարարության նախագծով՝ նրա եւ նրա մերձավորների կողմից տարբեր հանցագործությունների վերաբերյալ, Դուք, որպես խմբակցության ղեկավար կիսո՞ւմ եք դա: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանը բավականին փորձառու քաղաքական գործիչ է, կոռեկտ չէ նրա գործելաոճը քննարկել»:

Մեր հարցին՝ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը Զարուհի Փոստանջյանին  հրապարակավ, մի շարք ԶԼՄ-ների ներկայությամբ վիրավորեց, ասաց՝ «Նարկամանը քո մարդն ա, քո երեխեքն են», հնարավո՞ր է դիմեք ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ ընդդեմ Սեյրան Սարոյանի:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մենք շատ դժվարությամբ ենք պառլամենտական մշակույթ ստեղծել: Դեմ եմ ցանկացած մեկի կողմից ոչ պառլամենտական պահվածքին: Մի անգամ պետք է լսումներ հրավիրեն, որպեսզի նրանք, ովքեր չեն գիտակցում, փողոցային բառապաշարով չմտնեն պառլամենտ: Այստեղ մենք անելիք ունենք: Պառլամենտն ամենաթափանցիկ մարմինն է, որի միջոցով են ներկայացվում իշխանությունն ու ընդդիմությունը: Ես դատապարտում եմ որեւէ մեկի հակապառլամենտական պահվածքը: Առաջարկում եմ լսումներ հրավիրել՝ պառլամենտական պահվածքի մասին: Էթիկայի հանձնաժողով եթե պատգամավորը նպատակահարմար կգտնի, թող դիմի: Բայց չեմ կարծում, որ դա որեւէ նշանակություն կունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031