Արամ Մարտիրոսյանը դեռ մեղադրող Դավիթ Վեքիլյանը չէր հասցրել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակել, հանդես եկավ դատաքննությունը արագացված կարգով անցկացնելու միջնորդությամբ: Նա ասաց, որ այդ մասին հայտնել է իր պաշտպանին՝ Վաղինակ Աթոյանին, ընդունում է մեղադրանքը, այն, որ նա Վազգեն Խաչիկյանի կողմից ստեղծված կազմակերպված խմբում յուրացրել է կենսաթոշակառուների, հանգուցյալների գումարները:
Նա պետությանը պատճառված վնասը հատուցել էր: Այդ վնասի չափը, ինչը հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը` կազմել էր 5 միլիոն 855 329 դրամ: Ի դեպ, այս տարվա մարտին ամբաստանյալը վերադարձել է հանրապետություն, գտնվել էր հետախուզման մեջ, նրա նկատմամբ կիրառվել է գրավ:
Դատախազ Դավիթ Վեքիլյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Համաձայն այդ եզրակացության, Արամ Մարտիրոսյանն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորքի տարածքային բաժնի պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով ծառայության տարածքային բաժնի կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների և սոցիալական այլ ծրագրերով վճարների նշանակման, վերահաշվարկման, վճարային ցուցակների կազմման գործընթացը ղեկավարելու և վերահսկելու լիազորություններով, 2009-2010թթ. ընթացքում օգտագործելով իր պաշտոնական դիրքը, Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 64.078.853 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել պաշտոնական կեղծիք:
Կարդացեք նաև
Արամ Մարտիրոսյանի միջնորդությանը չառարկեց դատախազը, քանի որ մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալը նորից ընդունեց իր մեղքը: Դատարանը պարզաբանեց արագացված կարգի անցնելու հետեւանքները, բավարարեց միջնորդությունը:
Ուսումնասիրվեցին գործում առկա փաստաթղթերը:
Հաջորդ նիստին՝ մայիսի 27-ին դատախազը հանդես կգա մեղադրական ճառով, պաշտպանն էլ իր, եւ դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու:
Դատական նիստերի դահլիճում էին միայն Խաչիկյանի «խմբի» այն անդամները, որոնք այս նույն դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով դատապարտվեցին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ