Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից, երեկ Ռիգայում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Սերժ Սարգսյանը հերթական անգամ կրկնել է, որ ՀՀ-ն ԵՄ հետ հարաբերությունները կառուցելիս պետք է գնա ինտեգրացիոն տարբեր ուղղությունների համադրման ճանապարհով: Գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում նշվում է, որ ԵՄ-ն աջակցում է ԱլԳ անդամ երկրներին իրենց ապագան ինքնուրույն ընտրելու հարցում, այդ թվում և՝ տարբեր միությունների միանալու ձևով, առանց սպառնալիքների:
Այս բոլոր ձևակերպումները, ըստ էության, այլևս չեն կարող նոր լինել, և նոր չլինելով հանդերձ, ըստ էության սրանք այլևս շատ քիչ բան են ասում իրական հարաբերությունների, իրական հեռանկարների մասին: Նմանօրինակ հայտարարությունները կարող էին ինչ-որ բան ասել 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, սակայն երբ հնչում են մեկուկես տարի անց սեպտեմբերի 3-ից, ապա ըստ էության ակնհայտ է, որ հայտարարություններն ինքնին որևէ հնարավորություն չեն տալիս հասկանալու իրերի իսկական դրությունը, իրական վիճակը:
Եվ այս տեսանկյունից, երբ Հայաստանն ասում է, որ եվրոպական օրակարգը արտաքին առաջնահերթություններից է մնում, կամ որ ՀՀ-ն ԵՄ հետ հարաբերությամբ համադրելու է ինտեգրացիոն տարբեր ուղղությունները, կամ երբ Եվրոպան ասում է ԱլԳ անդամ երկրների ազատ ընտրության իրավունքի մասին, այս ամենում բացարձակապես գոյություն չունեն պատասխաններ շատ ավելի կոնկրետ, շատ ավելի ազդեցիկ, շատ ավելի խորքային ու առարկայական հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Արևմուտք-Ռուսաստան հակադրության հետ: Իսկ ԱլԳ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, այդ հակադրության սահմանն են:
Եվ այսօր Հայաստանն, օրինակ, շատ հստակ և կոնկրետ տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում: Կամ՝ Հայաստանը շատ կոնկրետ սահմանափակումների առաջ է իր շահերը ԵՄ հետ հարաբերություններում լիարժեք առաջ մղելու համար: Կա՞ն որևէ ելքեր այս հարցերի վերաբերյալ: Եթե այս կարևոր հարցերը չեն շոշափվում, ապա ինչ հարաբերությունների մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում