Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՆԻ ԼԻՑ

Մայիս 22,2015 10:33

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասունիններորդ

ԳԻՆԻ ԼԻՑ

Չուգունը Հովհաննեսին ու Հովհաննեսի շրջապատի մյուսներին հանդուրժելու լիքը պատճառներ ուներ, ու էդ պատճառներից մեկն ու թերեւս հիմնականն էն էր, որ Չուգունին այլ շրջապատում դժվար թե հանդուրժեին, եւ Չուգունն էլ բնածին մարդատյաց լինելով՝ ինքն էլ իր հերթին այլ շրջապատ չէր հանդուրժի, եւ Հովհաննեսին ու Հովհաննեսի շրջապատի մյուսներին հանդուրժելու պատճառներից մյուսն էլ էն էր, որ Չուգունը ոչ մի տեղ  չաշխատելով՝ Հովհաննեսի շրջապատի հաշվին առավոտից իրիկուն ուտում ու խմում էր, եւ չնայած սեղանի հաշիվը հիմնականում Տնտեսագիտականի դասախոս Խչեյան Լյովն ու Պարկետչիկ Հրաչն էին փակում, եւ չնայած Չուգունն ու մյուս բանաստեղծներս երբեւէ սեղանի հաշիվ չէինք փակում, այդուհանդերձ, սեղանի հաշիվը փակողներից  որեւէ մեկը երբեւէ երեսով չէր տալիս, եւ եթե Չուգունն իրեն ամենաանշնորհք ձեւով էր պահում, էլի երեսով չէին տալիս, եւ հատկապես ու առանձնապես Պարկետչիկը երեսով չէր տալիս, եւ որ ասում եմ՝ հիմնականում Խչեյանն ու Պարկետչիկն էին հաշիվը փակում, էդ ամենեւին չի նշանակում թե՝ ուրիշ հաշիվ փակողներ չկային. ուրիշ հաշիվ փակողներ լիքը կային, բայց՝ ոչ Հովհաննեսի էդ հիմնական շրջապատից. դրանք հիմնականում անծանոթ մարդիկ էին, որոնք Հովհաննեսին տեսնելով՝ մատուցողուհու կամ բուֆետչիկի  միջոցով օղի, կոնյակ ու հիմնականում շամպայն էին ուղարկում մեր սեղան, եւ չնայած «մեր սեղան» եմ ասում, ես հազվադեպ էի իրենց սեղանին հայտնվում, բայց եթե հայտնվում էի, ինձ էդ սեղանին օտար ու կողմնակի չէի զգում, որովհետեւ եթե Հովհաննեսը մեկին ընդունում էր, էդ մարդն էդ սեղանի շուրջ չէր կարող կողմնակի լինել, եւ իմ դեպքում հենց էդպես էլ կար, եւ ես էդ սեղանի շուրջ ինձ կողմնակի ու անկոչ չէի զգում նաեւ էն պատճառով, որ լինում էին դեպքեր, երբ հենց իմ պատվին էին կոնյակ, օղի կամ շամպայն ուղարկում էդ սեղան, ու էդպիսի դեպքերը կրկնվող էին մանավանդ էն շրջանում, երբ հրատարակչությունում արդեն գլխավոր խմբագիր էի, եւ, փաստորեն, հրատարակչական հարցերում արդեն ահագին դեր ու նշանակություն ունեի, եւ, դրանից էլ բացի, ես արդեն որոշ ճանաչում ունեցող բանաստեղծ էի, եւ իմ պատվին կոնյակ, օղի ու շամպայն ուղարկողների մեջ երբեմն նաեւ անշահախնդիր ընթերցողներ  էլ էին պատահում, եւ, փաստորեն, կոպիտ ասած, նյութական իմաստով էլ էդ շրջապատում ու էդ սեղանին իմ ներկայությունն ավելի օգուտ էր, քան՝ վնաս, բայց էն ժամանակ էս բաների մասին չէի մտածում, որովհետեւ էն ժամանակ ռոմանտիկ բանաստեղծ էի ու էդ տեսակ պրոզայիկ բաների մասին չէի մտածում, եւ հիմա եմ էդ մանրուքները հիշում ու էդ մանրուքների շուրջ մտածում, որովհետեւ հիմա արդեն արձակագիր եմ եւ պարտավոր եմ երեւույթները մանրուք առ մանրուք հիշելով գրի առնել, եւ չնայած գինին մոռացա, եւ չնայած մանրուք եմ ասում, ինքներդ էլ եք հասկանում, որ կոնյակը, օղին, գինին կամ շամպայնը մանրուքներ չեն՝ ոչ հիմա եւ ոչ էլ մանավանդ էն տարիներին, եւ չնայած հիմա կյանքն ու ապրուստի հարցերն ավելի են բարդացել ու դժվարացել, այդուհանդերձ, կոնյակի, օղու, շամպայնի եւ նույնիսկ գինու հյուրասիրության առումով էն ժամանակներն էլ էին բավական դժվար, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հիմա մեր տեղական շամպայնն ավելի էժան ու մատչելի է, քան՝ էն ժամանակ, չնայած, ինձ համար  միանգամայն անհասկանալի ու անբացատրելի պատճառով, էն ժամանակ անհամեմատ ավելի շատ էինք շամպայն խմում, եւ եղավ մի շրջան, որ էդ շրջապատում, Հովհաննեսին չհաշված, ամենաշատն իմ պատվին էին կոնյակներ ու հիմնականում շամպայններ ուղարկվում, եւ դա Ղարաբաղյան շարժման առաջին  շրջանում էր, երբ ես արդեն «Նաիրի» վերանվանված գրական միակ հրատարակչության գլխավոր խմբագիրն էի, եւ չնայած էդ օրերին իմ էդ պաշտոնը դեռեւս միանգամայն լուրջ ու  կարեւոր պաշտոն էր, ես օրվա մեջ ընդամենը մի քանի րոպե էի կաբինետումս դիմանում, որովհետեւ Ղարաբաղյան շարժումն արդեն սկսվել էր, եւ մի ոտս էդ սրճարաններում էր, մյուսը՝ Ազատության հրապարակում, եւ միտինգներից ազատ ժամերին կամ Հովհաննեսի շրջապատում՝ «Դերասանականում» էի կամ էլ, ավելի հաճախ, «Պապլավոկում»՝ Խաթլամաջյան Սեյրանի շրջապատում, որովհետեւ Ղարաբաղյան շարժումն արդեն սկսվել էր, եւ մեր հետաքրքրությունները գրականությունից ու պոեզիայից կտրուկ տեղափոխվել էին քաղաքականություն ու հայրենասիրություն, եւ չնայած Մելքոնյան Հովհաննեսի շրջարատում էլ էին քաղաքական ու հայրենասիրական թեմաներն առկա, եւ չնայած հայրենասիրության առումով էլ Հովհաննեսը որեւէ մեկին չէր զիջում, այդուհանդերձ, Հովհաննեսի շրջապատն էդ օրերին էլ հիմնականում գրողներ ու բանաստեղծներ էին, եւ չնայած հիմնականում գրողներ ու բանաստեղծներ էին, արդեն համարյա գրականությունից չէին խոսում, այլ հիմնականում՝ Ղարաբաղից:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031