Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հիմքով են ցանկանում բարձրացնել հոսանքի գինը

Մայիս 22,2015 17:30

Առցանց «Առավոտի» եթերում խնդիրը քննարկում են տնտեսագետ Վահագն Խաչատրյանը եւ գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը:

Արամ Աբրահամյան.– Անցած տարվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եկամուտը կազմել է մոտ 70 միլիարդ դրամ, իսկ պահպանման ծախսերը կազմել են մոտ 39 միլիարդ: Ինչպե՞ս է այդ դեպքում այդ ընկերությանը հաջողվում աշխատել վնասով:

Վահագն Խաչատրյան.- Հարցը շատ տեղին է, որովհետեւ դա այն ընկերությունը չի, որի մատուցած ծառայությունների համար պետությունը դոտացիա է տալիս, եւ մենք ավելի ցածր սակագնով ենք վճարում: Սովետական Միությունում հացը 30 կոպեկ չէր, հոսանքը 2 կոպեկ չէր, տրանսպորտը 5 կամ 3 կոպեկ չէր՝ իրականում դրանց պետության կողմից դոտացիա էր տրվում, այսինքն՝ ծախսի եւ ինքնարժեքի տարբերությունը փոխհատուցում էր: Այս դեպքում մենք գործ ունենք մի ապրանքի հետ՝ հոսանքի, որի սակագնի մեջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներառել է բոլոր ծախսերը՝ ավելացրած շահույթ, ավելացրած դրան իր կորուստները: Իրականում այդ կազմակերպությունը պետք է տարիների ընթացքում աշխատեր շահույթով, 2013 թվականին շահույթը պետք է լիներ մոտավորապես 13 մլրդ, դրա նախորդ տարին պետք է լիներ 12 մլրդ, բայց իր մոտ հակառակն է տեղի ունեցել` ասենք, 2013 թվականին 10 մլրդ վնաս, 2012-ին՝ 9 մլրդ վնաս:

Մի կարեւոր հանգամանք էլ կա, որ սա այն յուրահատուկ ապրանքն է, որտեղ դուք, ըստ էության, սպառող չեք փնտրում, սպառողը ինքն է ձեզ փնտրում: Եթե ես ուզում եմ հոսանք ունենալ, ես նախօրոք վճարում եմ, որպեսզի մալուխները անցկացնի, որպեսզի համապատասխան գործողություններ անի հոսանքը ապահովելու հարցում: Եվ այս պայմաններում 2015 թվականին խոսում են սակագնի բարձրացման մասին ու հիմնավորում են, որ ունեն սարսափելի կորուստներ, վնասներ, եւ ոչ ոք չի հարցնում` ինչու այսպես եղավ:

Արտակ Մանուկյան.- Երբ մենք ասում ենք` սպառող փնտրելու ծախս չկա, այո, դա այդպես է, նույնը կարելի է ասել պղնձի արտահանման դեպքում, շուկա կա, եւ արտահանում ենք, բայց երբ որ դու ծախսերը ուսումնասիրում ես, տեսնում ես, որ այստեղ եւս կան մարկետինգային բնույթի ծախսեր: Սակայն արտադրության հետ կապված ծախսերի նկատմամբ շատ «շռայլ» մոտեցում է իրականացվում:

Ա. Ա.– Այսինքն՝ ծախսում են ավելի շատ, քան պետք է ծախսեն, դրա համա՞ր են աշխատում վնասով:

Ա. Մ.- Երկրորդ հանգամանքն էլ կուզենայի ավելացնել. դա ամորտիզացիոն մասնահանումների մեծ ֆոնդն է: Եթե մենք չունենք արդյունաբերություն, հատկապես վերջին տարիներին, եւ, ըստ էության, պակասեցրինք էլեկտրաէներգիայի սպառումը՝ ըստ էության սպառողը դրա համար վճարում է: Իսկ մարկետինգային ծախսերը ես շատ կուզենայի տեսնել, մասնավորապես՝ Իրանի հետ կապված: Վերջին դրա զարգացումների ներքո պետք է կատարել փնտրտուք` ինչպես անես, որ այդ չօգտագործված հզորություններդ կարողանաս տեղաբաշխել: Սակայն կարծես թե ծախսերը միտված են առավելապես աշխատուժին՝ եթե նայեք, ապա մոտավորապես 22 մլրդը աշխատուժի ձեռք բերման հետ կապված ծախսերն են:

Ա. Ա.– Այսինքն`աշխատավարձն է:

Ա. Մ.- Այո, մի պահ պատկերացրեք, դուք ունենում եք հզորությունների մեծ հաշվով անկում, երբ որ մենք չունենք այդ սպառումները, բայց աշխատակիցների թիվը եւ նրանց աշխատավարձը մեծացնում են, հարց է առաջանում` եթե նրանք արդյունավետ չեն աշխատում, մենք ինչո՞ւ ենք լրացուցիչ աշխատողներ ընդունում, փոխանակ օպտիմիզացնենք, այդ թվում` աշխատավարձի ֆոնդը. ընդհանրապես նման կարգի միջոցառումներ չենք իրականացնում:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031