Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ՝
հստակեցումներ են մտցվել ՀՀ-ԵՄ նոր ձեւաչափի բանակցություններում
Այսօր Ռիգայում կմեկնարկի Արեւելյան գործընկերության երկօրյա գագաթնաժողովը, որտեղ ԵՄ-ն ու գործընկեր երկրները կհստակեցնեն առաջիկա տարիների համար ծրագրի նպատակներն ու երկկողմ համագործակցության ձեւաչափերը:
Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ՝ որոշ հստակեցումներ են մտցվել, թե Հայաստանի հետ ստորագրվելիք փաստաթղթում ինչ կետեր են ներառվելու: Մասնավորապես, մեկ օր առաջ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի (չցանկանալով հրապարակել իր անունը) մակարդակով հայտարարվեց, որ բացի քաղաքական բաղադրիչից՝ նոր փաստաթուղթն ունենալու է նաեւ առեւտրի եւ ներդրումների բաժին: Նշենք, որ արդեն Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել Եվրամիության խորհրդին ուղղված առաջարկությանը` թույլ տալու բանակցություններ սկսել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ շրջանակային համաձայնագրի պատրաստման շուրջ:
Համաձայն ԵՄ պաշտոնյայի տրամադրած տեղեկությունների՝ այդ փաստաթղթով սահմանվելու են գործարարների ու ներդրողների համար փոխգործակցության կանոններ, այն ներառելու է ոլորտներ, որոնք չեն կարգավորվում ԱՀԿ եւ ԵՏՄ կանոններով: Փաստորեն՝ ըստ ԵՄ պաշտոնյայի՝ ՀՀ-ն համեմատաբար ազատ է ներդրումների եւ գնումների ոլորտում, որտեղ սահմանափակված չէ Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության կանոններով, իսկ մյուս ոլորտներում ՀՀ-ն ազատ չէ, այլ կաշկանդված ԵՏՄ եւ ԱՀԿ կանոններով:
Սակայն Բրյուսելի ներկայացուցիչը նաեւ շեշտում է, որ ի տարբերություն Ասոցացման համաձայնագրի, որը Հայաստանը չստորագրեց Եվրամիության հետ, այս փաստաթղթով արտոնություններ չեն սահմանվում, սակայն այն լուրջ ներդրում կլինի երկկողմ կապերի խորացման հարցում:
Կարդացեք նաև
Տնտեսական վերլուծաբաններից շատերն առանձնապես ոգեւորված չեն այն հանգամանքից, որ այդ նոր փաստաթղթում լինելու է առեւտրի եւ ներդրումների բաժին, քանի որ դա առանձնապես շոշափելի արդյունքներ ու արտոնություններ չի տալու Հայաստանին: Կարծիքներ կան անգամ, որ հնարավոր է՝ Ռիգայում ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ փաստաթուղթ չստորագրվի, այլ հայտարարվի բանակցություններ սկսելու մասին:
«Առավոտ»-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այդ նոր փաստաթուղթը հնարավորություն կընձեռի ՀՀ-ին գտնել իր «նիշան» տարածաշրջանային ինտեգրման համատեքստում: Մեր այն դիտարկմանը՝ բայց փաստաթուղթը Հայաստանին արտոնություններ չի տալու, համենայնդեպս՝ այդ մասին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով զգուշացվում է, պարոն Մանասերյանն արձագանքեց. «Անկախ նրանից, թե լրացուցիչ արտոնություններ լինելու են, թե ոչ՝ ՀՀ-ն արդեն արտոնությունների՝ GSP պլյուս համակարգում է, որը ՀՀ-ին տալիս է քաղաքական ու տնտեսական առումով վարկանիշ եւ թույլ է տալիս բարելավել իր դիրքերը»:
Մեր այն դիտարկմանը՝ հնարավո՞ր է այդ հարցում էլ լինեն վերանայումներ, պարոն Մանասերյանը դա հնարավոր չհամարեց՝ հիշեցնելով, որ անգամ ամենալարված ժամանակաշրջանում՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փուլում, դա չարվեց: Հետաքրքրվեցինք՝ անգամ եթե նոր փաստաթղթում որոշ տնտեսական ամրագրումներ լինեն՝ նույն առեւտրի եւ ներդրումների մասով, դա ի՞նչ շոշափելի օգուտ եւ դրական ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա, տնտեսագետն արձագանքեց. «Որեւէ փաստաթուղթ տնտեսության վրա ուղղակի ազդեցություն չի կարող ունենալ, այստեղ հարցն այն է, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ հնարավորությունն ու ինչ աշխատանք կտանենք այդ ուղղությամբ: Եթե ոչինչ չանենք, այդ փաստաթուղթը ոչինչ չի տա մեզ»: Թաթուլ Մանասերյանին հիշեցրինք նաեւ այն հակասությունների մասին, որոնք կարող են առաջանալ ՀՀ-ԵՄ հարաբերություններում՝ կապված ԵՏՄ անդամակցության հետ, տնտեսագետը դրանք մտացածին համարեց ու հիմնավորեց. «ԵՏՄ անդամ առնվազն երկու անդամ երկրներ համարվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներ, որտեղ խաղի կանոնները նույնն են բոլորի համար: Սրանից ելնելով՝ արհեստական են բոլոր այդ ջանքերը, նման հետեւությունները, որոնք արվում են հատկապես ՀՀ-ին «կամ-կամ» դաշտ տանելու համար: Ցավոք, դա քաղաքական ենթատեքստ ունի»: Թաթուլ Մանասերյանը հույս ունի, որ «Մոսկվայի ու Բրյուսելի միջեւ հարաբերությունները կջերմանան, եւ այդ ընտրության հարցը ոչ միայն չի լինի, այլեւ երկու տարածաշրջանային միությունները իրար կփոխլրացնեն»: Զրույցի ավարտին հետաքրքրվեցինք՝ արդեն տեսանելի չե՞ն ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության վնասները հատկապես այն պատճառով, որ Ռիգայում հայտարարվելու է Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներին 3 միլիարդ եվրոյի հատկացումների մասին, պարոն Մանասերյանը պատասխանեց. «Չի կարող խոսք լինել վնասների մասին: Այն երկրները, որոնք նախաստորագրել էին Ասոցացման համաձայնագիրը, դրանք, բնականաբար, պետք է ունենային ակնկալիքներ նաեւ ֆինանսական կարիքների համար: Բայց ՀՀ-ին ընձեռվում են նոր հնարավորություններ, նոր ձեւաչափ է ԵՄ-ն նախատեսել Հայաստանի համար՝ ի լրումն Արեւելյան գործընկերության ծրագրի: Ուստի ես կառաջարկեի վնասների մասին քիչ խոսել, այլ խոսել հնարավորությունների մասին»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2015