ՀՀԿ-ականներին չի՞ հետաքրքրում դատախազի հաղորդումը
Երեկ վերջապես խորհրդարանը սկսեց լսել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի 2014 թվականի հաղորդումը, որը դեռ ապրիլի սկզբին էր ներկայացվել ԱԺ: Սա առաջին դեպքն է, երբ դատախազն իր գերատեսչության կատարած աշխատանքը ներկայացնում է խորհրդարանին: Պատգամավորները կարող են հարցեր տալ դատախազին, ելույթներ ունենալ, բայց ի վերջո նրա հաղորդումն ի գիտություն է ընդունվում եւ վերջ: Ի հեճուկս իր բացառիկության` դատախազի հաշվետվությունը երեկ խորհրդարանում լսվեց կիսադատարկ դահլիճում: Ներկա էին հիմնականում ընդդիմադիր պատգամավորները: ՀՀԿ-ի 72 հոգանոց խմբակցությունից միայն հազիվ տասը պատգամավոր էր դահլիճում:
«Առավոտը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարց ուղղեց` գլխավոր դատախազի հաշվետվությունը ՀՀԿ խմբակցության համար կարեւո՞ր է, իբրեւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ կարեւորո՞ւմ եք դատախազի հաղորդումն ԱԺ-ին: «Այո, իհարկե»,- ասաց պարոն Բաղդասարյանը: Հետաքրքրվեցինք` այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք, որ դատախազի ելույթի ժամանակ դահլիճում հազիվ տասը պատգամավոր էր: «Չէի ասի՝ տասը հոգի էր, բայց դա կարեւոր էլ չի, թե ինչքան է: Ում որ հետաքրքրում է որ հարցը, նրանք են ներկա լինում: Պատգամավորի աշխատանքը կանոնակարգված չի, նման խնդիր չկա»,- պարզաբանեց մեր զրուցակիցը: Ճշտող հարցին` նորմա՞լ եք համարում, որ կիսադատարկ դահլիճում լսվեց դատախազի առաջին հաղորդումը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հակադարձեց. «Կիսադատարկ չէր, եթե ուշադիր նայեք… լավ չեք հաշվել»: Ապա սկսեց բացատրել. «Սկզբնական չգիտեին՝ երբ է գալու, երբ որ սկսվեց` 15 րոպե հետո մոտեցան: Հենց հաղորդվեց` մարդիկ եկան»:
«Ինչպես նշել եմ, կոռուպցիան եւ ոչ պրոֆեսիոնալիզմը չեն կարող տեղ ունենալ դատախազության համակարգում, դա անընդունելի է, քանի որ իմ խորին համոզմամբ՝ ոչ պրոֆեսիոնալ եւ կոռումպացված դատախազը չարիք է, եւ նրա ամեն մի որոշմամբ կամ գործողությամբ խեղվում կամ կարող են խեղվել մարդկային ճակատագրեր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չի եղել եւ չի կարող լինել որեւէ դեպք, երբ որեւէ դատախազ փորձ կատարի իրեն դուրս դնել օրենքով իրեն վերապահված իրավասություններից, դրսեւորի կոռուպցիոն վարքագիծ եւ մնա անպատիժ ու շարունակի իր ծառայությունն այս համակարգում: Կրկնում եմ՝ սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Հատկանշական է, որ այս ընթացքում միայն 8 անձ քրեական պատասխանատվության են ենթարկվել այն բանի համար, որ քաղաքացիներից կաշառք են պահանջել՝ իբրեւ թե դատախազներին փոխանցելու համար, ընդ որում, այդ անձանցից 5-ը քննիչներ են: Կարեւոր է նաեւ ընդգծել, որ առնվազն երկու դատախազի վերաբերյալ ստացած տեղեկությունների հիման վրա նույնպես գործեր են հարուցվել եւ ներկայում գտնվում են քննության ընթացքում:
Կարդացեք նաև
Ընդ որում, նշված բոլոր դեպքերով քրեական գործերը հարուցվել են դատախազության ձեռք բերված տեղեկությունների հիման վրա` ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»,- իր ելույթում հայտարարեց Գեւորգ Կոստանյանը: Ձեզ գոհացրե՞ց դատախազի հաղորդումը, իբրեւ պատգամավոր՝ կարծում եք, որ քաղաքացիները գո՞հ են դատախազության աշխատանքից: «Բնականաբար, որպես կառույցի ղեկավար, ինքն իր կարծիքն ասեց: Բայց ոչ մի անգամ որեւէ կառույցի վերաբերյալ բացարձակ գոհություն կամ դժգոհություն չի եղել: Դա հարաբերական է: Համենայնդեպս, դատախազը տվեց իր կառույցի աշխատանքի գնահատականը: Հիմա հարցերով ավելի պարզաբանում կմտցվի»:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ, դիտարկմանը` համամի՞տ եք Գեւորգ Կոստանյանի հետ, համակարգում ամեն ինչ իդեալակա՞ն է, իր աշխատողներն իդեալակա՞ն են, ասաց, որ դատախազի խոսքից ինքը հասկացել է հետեւյալը. «Ոչ թե իդեալական աշխատողներ են, այլ չկա մի դեպք, որը ես իմացել եմ, եւ որն անպատիժ է մնացել: Այսինքն՝ դատախազական համակարգում վերացնելու առումով հանդուրժողականություն չկա: Ցանկացած դեպք, միջադեպ, երբ կլինի հաղորդում, փաստ` համակարգի կոռուպցիոն կամ այլ դրսեւորումների մասին, անվիճելի է, պետք է անպայման պատժվի»: Դատախազությունը նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Գեւորգ Կոստանյանը խորհրդարանից լրացուցիչ լիազորություններ է խնդրել` համակարգելու իրավապահ մարմինների գործունեությունը, որպեսզի հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի: Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք` ի՞նչն է պակասում կամ խանգարում դատախազությանն այժմ ավելի արդյունավետ աշխատել: Պատգամավորը հորդորեց հարցն ուղղել Գեւորգ Կոստանյանին, ով նաեւ ոլորտի պատասխանատուն է եւ կկարողանա ամբողջական պատասխանել, թե ի՞նչն է խոչընդոտում ավելի արդյունավետ աշխատանքին: Գեւորգ Կոստանյանը, սակայն, երեկ հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել: «Առավոտը», մասնավորաբար, ցանկանում էր հասկանալ` Սյունիքի մարզպետի որդու հետ կապված աղմկահարույց դեպքերը չկոծկելու համար ի՞նչ լիազորություն է պետք Գեւորգ Կոստանյանին:
«Այո, դատախազի զեկույցում էլ կային մի քանի կետեր, որոնք վերաբերում էին երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրամանագրով հաստատված 2012-16 թվականների բարեփոխումների ծրագրի միջոցառումներին: Մի քանի դրույթներ կան, որոնք վերաբերում են դատախազությանը: Արդարադատության նախարարությունը եւ դատախազությունը պետք է համատեղ մշակեն եւ ներկայացնեն այդ նախագծերը, որոնք վերաբերում են ընդհանրապես իրավական համակարգի գործունեությանն ու համակարգմանը: Ես իմ ելույթում էլ կանդրադառնամ դրան: Կարծում եմ՝ այդ խնդիրները պետք է մանրամասն քննարկվեն, որպեսզի կարողանանք արդյունավետ լուծումը գտնել: Որ այսօրվա կանոնակարգման մեջ խոչընդոտներ կան` ակնհայտ է: Դատախազը պետք է վերջնական գործի: Մեղադրանքի տերը դատախազն է, բայց միջանկյալ միջոցառումներին միջամտելու շատ քիչ իրավունքներ ունի՝ փաստ է: Բայց նաեւ նախաքննության մարմինները պիտի կարողանան իրենց գործունեությունն անկախ, թափանցիկ եւ ճիշտ կազմակերպել` դա էլ է փաստ: Հետեւաբար բոլոր գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքում պետք է կարողանանք գտնել ոսկե միջինը»,- դատախազությանը տրվելիք լրացուցիչ լծակների առիթով ասաց Հովհաննես Սահակյանը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ կարծում է, որ նախագիծը մանրամասն ուսումնասիրության կարիք ունի: Նա չի բացառում, որ փոփոխությունների եւ լիազորությունների վերանայման խնդիր կա, բայց հստակ կարելի է կարծիք հայտնել միայն դատախազության հիմնավորումները լսելուց հետո:
Գեւորգ Կոստանյանը նաեւ հպանցիկ անդրադարձավ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին: «Ինչպես գիտենք, ողջ հասարակությունը եւ հատկապես տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան հանգամանքների բացահայտմամբ: Դա է եղել պատճառը, որ ես հանձնարարել եմ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատել: Այս հանձնարարականի հիմքում դրված է այն մոտեցումը, որ յուրաքանչյուր մարդու կյանքն ինքնին առանձին արժեք է, եւ որ յուրաքանչյուր զոհի վերաբերյալ գործի անջատումը ընդհանուրից միտված է գործի քննության արդյունավետության ապահովմանը: Այս պահին քննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, եւ մենք միասին հնարավորություն կունենանք գնահատելու քննության արդյունքները»,- ասաց նա: Այս առիթով էլ Թեւան Պողոսյանն ասաց. «Եթե հասկանալի ժամկետների մեջ արդյունքները կտեսնենք առնվազն դատախազի հայտարարությունից հետո, քանի որ բոլորիս թվում էր, թե որեւէ բան չի կատարվում… Փորձենք իր առաջին հայտարարությանը հավատով մոտենալ: Բայց եթե մի որոշ ժամանակ անցնի, ու էլի արդյունք չլինի, ուրեմն… Ցանկացած գործընթացի արժանահավատությունն արդյունքներն են բերում»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2015