Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբլոյանի՝ բժիշկներին վերաբերող նախագիծը ոլորտում ռիսկեր է առաջացնում

Մայիս 22,2015 16:00

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է, տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել: Օրինակ՝ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն «Առավոտի» մայիսի 5-ի՝ «Նախկին նախարարն ասում է՝ «Առողջապահությունում կոռուպցիա ծնող նախագիծ են ընդունում»» հոդվածում որեւէ դրական բան չի նկատել նախագծում, իսկ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդական Արա Տեր-Գրիգորյանը հակառակն է պնդում՝ այս նախագիծը կնպաստի բժիշկների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների բարելավմանը:
Այս անգամ «Առավոտը» օրենքի նախագծի վերաբերյալ զրուցել է գործող բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի հետ, որի գործունեության վրա է տարածվելու օրենքը, եթե այն ընդունվի, իսկ այն, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ հեղինակը ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանն է:

Նշենք, որ ըստ այս նախագծի՝ նախատեսվում է բժշկական շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ եւ արդյունավետ համակարգ, բուժաշխատողների որակական մակարդակի գնահատման գործընթաց: Նախագծի հիմնավորման մեջ օրինակ են բերվում եվրոպական մի շարք երկրները, որոնց փորձը նաեւ մեզ մոտ է կիրառվելու. մասնավորապես՝ բուժաշխատողների համար պարտադիր է տեսական գիտելիքների զարգացումը` մասնագիտական դասընթացների, սեմինարների, սիմպոզիումների միջոցով, նաեւ գործնական հմտությունների զարգացումը գիտագործնական միջոցառումների միջոցով:

Հայկ Մանասյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ ընդհանուր առմամբ լավ նախագիծ է, մեկ կամ կես քայլ առաջ է ներկայիս վիճակից. «Սա գործիք է, որը եթե ճիշտ աշխատեցնեն, ուրեմն՝ շատ լավ, բայց կարող են այս գործիքը դարձնել կաշառակերության հերթական մի բան»:

Մանասյանը նշում է, որ նախագծում կան որոշ անհստակություններ. բժշկից պահանջվող կրեդիտները պետք է ձեւավորվեն տեսական, գործնական եւ ինքնակրթման մեխանիզմով, գործնականին վերաբերող հատվածն այնքան էլ բժշկի սրտով չէ: Մանասյանն ասում է, որ ըստ նախագծի՝ բժիշկը պետք է 5 տարին մեկ վերապատրաստում անցած լինի, սակայն եթե այդ վերապատրաստումները լինելու են այսօր առկա վերապատրաստումների որակին, ապա դրանից ոչ մի դրական տեղաշարժ էլ չի լինելու: Ամեն ինչ մնալու է ձեւականության սահմաններում՝ առանց բովանդակային առաջընթացի: Ընդ որում, պահանջ կա մասնագիտական կոնֆերանսներին մասնակցել: Մանասյանը նկատում է՝ ոչ ոք չի ստուգում՝ կոնֆերանսի ժամանակը մասնակիցը անցկացրել է քնա՞ծ, թե՞ ակտիվ ներգրավվածությամբ: Բժշկից պահանջվելու է ընդամենը մասնակցության թուղթ, սակայն ստանալ «ներկա»՝ դեռ չի նշանակում մասնակից լինել: Ինչ վերաբերում է գործնական վերապատրաստման պահանջին, ապա բժիշկ Մանասյանն ասում է, որ սա էլ տեղին չէ. «Օրինակ՝ ես մեր հիվանդանոցից գնում եմ մեկ այլ հիվանդանոց՝ վերապատրաստման: Հարց՝ ի՞նչ տարբերություն՝ ես մե՞ր հիվանդանոցում ես աշխատում մի քանի շաբաթ, թե՞ գնում եմ ուրիշ հիվանդանոցում կանգնում կոլեգայի կողքին: Գուցե մարզերից Երեւան վերապատրաստման եկող բժիշկների համար սա լավ է, բայց, ասենք՝ «Էրեբունի» բուժկենտրոնի բժիշկը գնում է Հանրապետական հիվանդանոցում բժշկական ինչ-որ բան նայի, որովհետեւ Հանրապետականո՞ւմ է ամբիոնը: Օրինակ՝ անոթների դուպլեկս հետազոտությունը՝ սոնոգրաֆիստի համար, այս բժիշկը գնում է այլ հիվանդանոցում կանգնում՝ նայում, իսկ իր բաժնի վարիչն ամենալավ բժիշկներից է Հայաստանում: Սա, իմ կարծիքով, ճիշտ չէ»:

Բժիշկն ասում է՝ կրեդիտներ հավաքելու գործնական մասի հետ կապված՝ մեկ այլ խնդիր էլ կա. ասենք՝ հազարավոր նորավարտ բժիշկների գործնականի համար ո՞վ է դաշտ տրամադրելու: Օրինակ՝ գաստրոսկոպիան, որի միջոցով հիվանդի ստամոքսն են նայում, Մանասյանը հարց է բարձրացնում՝ ո՞վ է հնարավորություն տալու, որ հիվանդին նայեն, հետազոտեն եւ սովորեն. «Մենք տրինաժորներ չուենք, նորընծա բժիշկը սովորում է հիվանդի վրա, ուսուցչի օգնությամբ: Ենթադրենք՝ 10 հոգի գալիս են այդ գործնականի կրեդիտը ստանալու համար ու պիտի անպայման նայեն տվյալ գործողությունը, մասնակցեն ու ինքնուրույն իրականացնեն հետազոտություն: Իրականում այդքան հիվանդներ չկան, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան սովորել: Արդյունքում փուչ կրեդիտներ են նկարվելու՝ իբրև թե իրականացված դասավանդում: Կրկնում եմ՝ լավ է, որ օրենքը գրել են, բայց ես էլ ասում եմ՝ օրենքի հեղինակներ, ինձ հնարավորություն ինչպե՞ս եք տալու, որ վաղը չխախտեմ ձեր օրենքը»:

Բժշկական ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, ավարտական փաստաթղթի հիման վրա, ըստ նախագծի՝ անձը ինքնուրույն մասնագիտական գործունեություն կարող է իրականացնել, եթե մասնագիտական գործունեությունը սկսել է ոչ ուշ, քան համապատասխան հաստատությունը ավարտելուց հետո 2 տարվա ընթացքում: Եթե նախատեսված ժամանակահատվածում անձը չի իրականացնում մասնագիտական գործունեություն, ապա նա մասնագիտական գործունեությունը կարող է իրականացնել ստաժը լրացնելու պայմանով՝ վերապահումով տրված հավաստագրի հիման վրա՝ համապատասխան մասնագետի հսկողության ներքո:

Նախագծի այս դրույթի առնչությամբ Հայկ Մանասյանը մտահոգություն է հայտնում՝ հիմա շատ հիվանդանոցներում նորեկ բժիշկներն առանց այդ էլ ցածր աշխատավարձով եւ ճնշման տակ են աշխատում, որովհետեւ աշխատանք դժվար է գտնել՝ անառողջ մեծ մրցակցության լարվածություն կա: Հայկ Մանասյանը նկատում է, որ սկսնակ բժշկի համար նախագծով մոտեցումը առաջացնում է նոր ռիսկեր, քանի որ նա կարող է այդ ստաժը ձեռք բերելու համար լրացուցիչ ճնշումների ենթարկվել գործատուի կողմից, որը հնարավոր է՝ կամայական զրկի բժշկին աշխատանքից:

«Բացի այդ, այդքան հիվանդանոց կա՞, որ այդքան ավարտած կարողանա 2 տարում աշխատանք գտնել, տարեկան 400-500 բժիշկ շրջանավարտ է լինում, այդքան թափուր տեղ կա՞, բայց օրենքն ասում է՝ ավարտելուց հետո 2 տարի չաշխատեցիր, վերջ, կկորի քո օրդինատուրան, դու պիտի պրակտիկա հավաքես: Ասացեք խնդրեմ՝ որտե՞ղ է անելու այդ պարտադրված պրակտիկան, Վրաստանի՞ հիվանդանոցներում: Չկա այդքան աշխատատեղ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031