«Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները» աշխատության համահեղինակները չորսն են. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանը, իրավագիտության դոկտոր Արամ Թամազյանը, իրավագիտության դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանը եւ իրավագիտության թեկնածու Վ. Շահնազարյանը:
Գիրքը բաղկացած է երեք գլուխներից՝ «Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունների տեսական հիմքերը», «Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերություններն ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» եւ «Քրեական վարույթի մասնակիցների փոխհարաբերություններն ըստ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի»:
Վերջին երրորդ գլխում վերլուծվել են քննիչ-դատախազ -քննչական ստորաբաժանման ղեկավարի գործառույթները, մասնավորապես, քննության գործընթացում նրանց իրավունքները՝ քննության գործընթացը կազմակերպելու նպատակով:
Ըստ գրքի հեղինակների, «Դատախազական հսկողության սահմանադրական գործառույթի իրացումը չի նշանակում դատախազի քննության ընթացքի կանխորոշում, կամ՝ ուղղորդում, քննիչի փոխարեն որոշումների ընդունում, կամ գործողությունների կատարում»:
Գրքում մեծ տեղ է հատկացվել քննիչների դատավարական ինքնուրույնությանը, քննչական ստորաբաժանման ղեկավարի կողմից իր ենթակայությամբ գործող քննիչներին օժանդակելուն:
«Միաժամանակ, պետք է ելնել հիմնարար գաղափարից, որ քննչական ստորաբաժանման ղեկավարին որոշակի լիազորությունների վերապահումը չպետք է խախտի քրեական դատավարության սուբյեկտների գործառույթների ներդաշնակ հարաբերակցությունը, եւ չպետք է հանգեցնի դատախազի փոխարինմանը քննչական ստորաբաժանման ղեկավարով: Պետք է բացառվեն քննչական ստորաբաժանման ղեկավարի եւ դատախազի միջեւ մրցակցությունն ու լիազորությունների կրկնությունը»,- նշել են աշխատության հեղինակները:
Կարդացեք նաև
Ի դեպ, կարմիր թելի նման գրքում անցնում է հետեւյալ միտքը, որ քննչական ստորաբաժանման ղեկավարը պետք է իրավունք ունենա քննիչին հանձնարարել նախաքննության կատարումը, միեւնույն ստորաբաժանման շրջանակներում վարույթը մի քննիչից հանձնել մյուսին, վարույթին հեռացրած քննիչին փոխարինել մեկ ուրիշ քննիչով, ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ դատախազի, ձեւավորել քննչական խումբ, քննիչին տալ իր գործառույթներից բխող հանձնարարություններ:
Քննչական ստորաբաժանման ղեկավարը միեւնույն ժամանակ չպետք է քննիչին տա «քննության ընթացքը կանխորոշող հանձնարարություններ»:
Ուշադրության արժանի է այն, որ գրքում օգտագործված գրականության մեջ նշվում է 38 անուն, որից 3-ն է հայ հեղինակների:
«Առավոտ» օրաթերթ
21.05.2015