Լրահոս
Օրվա լրահոսը

«Դալմայի» դավեն ամենաայլանդակ շինությունն է»

Մայիս 22,2015 13:30

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ իր կարծիքով տգեղ շինությունների
եւ Երեւանի քաղաքաշինական նկարագրի մասին

Քաղաքաշինության նախարարին կից մայիսի 15-ին կայացած կոլեգիայի ընդլայնված նիստից հետո, որի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր, մասնագետների շրջանում անհանգստություն է առաջացել, քանի որ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն առաջարկել է երեւանյան բուհեր Գյումրի տեղափոխել, տարածքները վաճառել եւ այդ գումարներն ուղղել Գյումրիի հզորացմանը: Օրերս կայացած ասուլիսում նա նույնիսկ կոնկրետ բուհերի անուններ նշեց՝ մանկավարժական համալսարան, գյուղակադեմիա, ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Քաղաքաշինության նախարարությունը, սակայն, հայտարարել է, որ որեւէ կոնկրետ բուհ Գյումրի տեղափոխելու պաշտոնական նախագիծ իրենց կողմից ծրագրված չէ, չնայած որոշ նախարարություններ եւ բուհեր Գյումրի, Աբովյան եւ այլ քաղաքներ տեղափոխելու առաջարկությունները վաղուց շրջանառության մեջ են:

Առաջարկի հեղինակ Գուրգեն Մուշեղյանի ասելով, այդպես Երեւանը կբեռնաթափվի, մարզերն էլ համաչափ կզարգանան: Ոմանք հեգնել էին՝ դե եկեք մեր հոգեւոր մայրաքաղաք Էջմիածինն էլ տեղափոխենք, ծրագիրն անվանել աղետալի եւ նեոբոլշեւիզմով բուրող:

Ճանաչված ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ կողմ է Մուշեղյանի փաստարկներին: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքաշինական դիմագծին, այն իրեն ընդհանրապես դուր չի գալիս. «Այնքան են փչացրել, որ ես հույսս կորցրել եմ, թե երբեւիցե նորմալ կարգավիճակի կգա: Հիմա ավելի շատ մտահոգված եմ, որ Գյումրին էլ այս վիճակի չհասնի, նա էլ է այդ ճանապարհը բռնել»: Սաշուր Քալաշյանը կարծում է, որ լավ կլիներ իսկապես որոշ նախարարություններ, մասնավորապես մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխվեր, քանի որ այդ ոլորտում Գյումրիում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, դրանցից մեկն էլ Կումայրի արգելոցն է. «Ես Կումայրի արգելոցի ակունքներում եմ կանգնած, շատ եմ ուզում, որ այն փրկվի»:

Հիշեցնենք, որ Կումայրի արգելոցը կառավարության որոշմամբ կազմավորվել է 1980 թվականին եւ նպատակն էլ եղել է Գյումրիի տարածքում 19-րդ դարից պահպանված պատմական նշանակություն ունեցող 1800 կառույցների պահպանումը: Երկրաշարժից հետո, սակայն, այդ շինությունների մեծ մասը դարձել է վթարավտանգ:
Սաշուր Քալաշյանն այնուհանդերձ հույս չունի, թե դատարկ տեղում ինչ-որ բան կստեղծվի. «Ոչինչ չի ստեղծվի, եթե տեղից նախաձեռնություն չլինի, հիմա շատ եմ վախենում, որ այն, ինչի մասին խոսում ենք, չիրագործվի: Վախ ունեմ, որ սա իրականում ոչ մեկին էլ չի հետաքրքրում, քանի որ բոլորը մանր առեւտրականի հոգեբանություն ունեն, հեռանկարային խնդիրը ոչ մեկին պետք չէ, ասում են՝ մի շաբաթից կամ հենց վաղն է ինձ պետք: Իսկ այդպես մտածելով՝ երկիրը առաջ չի գնա: Այստեղ էլ, Գյումրիում էլ, ամեն տեղ էլ նույն հոգեբանությունն է, ուզում են ամեն ինչ իրենց օրոք լինի, խնդիրներն էլ մնան հետո՝ հաջորդ սերունդներին թողնեն»:

Անվանի ճարտարապետից հարցրինք՝ իր աչքով որո՞նք են Երեւանի ոչ այնքան գրագետ շենքերը: «Օրինակ, «Դալմայի» դավեն, էդ կուզով ուղտը, որ տնկվել է… Ես դրանից ավելի այլանդակ շենքի երբեւէ չեմ հանդիպել: Կամ անհարկի ցցվածներից է «Անի» հյուրանոցի կողքի կցակառույցը, այլանդակություն է: Ընդ որում՝ այստեղ ոչ թե մտածելակերպի հարց է, այլ զուտ քառակուսի մետրի, եթե հնարավոր լիներ մի երկու անգամ էլ բարձրացնել, էլի կբարձրացնեին այդ շենքը»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Իսկ մասնագիտական հանդիպումների ժամանակ ոլորտի պատասխանատուների մոտ շեշտադրո՞ւմ է այն հարցը, որ շենքեր կառուցելիս կանաչապատումն էլ աչքաթող չանեն: «Իհարկե, շեշտադրում եմ, բայց լսող չկա, քաղաքապետարանին դա ձեռնտու չէ՝ հողամաս է տալիս, տալիս է նաեւ 100% կառուցապատում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
21.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031