Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական «պառնաս»՝ Աթենքի «Պառնասոյում»

Մայիս 22,2015 13:00

Օրերս Աթենքի «Պառնասո» հնագույն համերգասրահում, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, տեղի «Orchestra Mobile» նվագախմբի հետ կայացած համերգը կազմված էր բացառապես հայ կոմպոզիտորների երկերից:

Ruben-Asatryan-3

Ռուբեն Ասատրյան

Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառմանը հրավիրված ճանաչված հույն երգչուհի Սոնիա Թեոդորիդոն հնչեցրել է Այվազյանի, Բաբաջանյանի, Սաթյանի ստեղծագործությունները, իսկ հունաբնակ դուդուկահար Վահան Գալստյանն էլ հանդես եկել Արամ Սաթյանի՝ դուդուկի եւ նվագախմբի համար գրված «1915» երկի մեկնաբանմամբ:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Ասատրյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները Հունաստանում մեկնարկել են դեռեւս տարեսկզբից՝ Նոր Զմյուռնիայում 1979թ. տեղադրված հայ եւ հույն զոհերի հուշարձանի հրապարակում  կայացած ոգեկոչման արարողությամբ:

Ruben-Asatryan-2 «1919-22 թթ. հույն-թուրքական պատերազմի ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը, ստանալով մեծ տերությունների նյութական, ռազմական, քաղաքական եւ բարոյական օգնությունն ու աջակցությունը, իրականացրին Զմյուռնիայի հույն եւ հայ խաղաղ բնակչության կոտորածն ու թալանը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Նշեց նաեւ, որ կայացած եւ սպասվելիք միջոցառումներում մեծ դերակատարում ունեն Նոր Զմյուռնիայի փոխքաղաքապետ Վանկիլիս Խաչատուրյանը, ՀՅԴ «Արամ Մանուկյան» եւ երիտասարդական «Դրո» խմբի անդամները եւ, իհարկե, հայ համայնքը:
Ռուբեն Ասատրյանը տպավորված է հանդիսատեսից, որոնց թվում, մեր զուցակցի հավաստիացմամբ, եղել են ոչ միայն հայ համայնքի եւ հույն ունկնդիրներ, այլեւ օտարազգիներ, ինչպես նաեւ Նոր Զմյուռնիայի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը՝ իր աշխատակազմով:

Ruben-Asatryan-4

«Ցեղասպանության հուշարձաններ» պատկերագիրք

«Նոր Զմյուռնիայի փոխքաղաքապետ Վանկիլիս Խաչատուրյանի հեղինակությամբ հրատարակված «Ցեղասպանության հուշարձաններ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Արցախի քարակերտ կոթողները, տպագրվել է հունարեն եւ անգլերեն լեզուներով»,- ասաց պարոն Ասատրյանը: Հետաքրքրությանը, թե փոխքաղաքապետը մտադրություն չունի՞ հայ ընթերցողին նույնպես ներկայացնել այն, Ռուբեն Ասատրյանը պատասխանեց. «Պարոն Խաչատուրյանը ցանկություն ունի հանդիպում ունենալ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ եւ մեզ մոտ նույնպես անցկացնել գրքի շնորհանդեսը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031