Աջարիայի Չակվի քաղաքում երեկ կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը, որը հաջող դասավորվեց Հայաստանի ութ ներկայացուցիչներից հինգի համար: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը, որոնք ընթանում են առաջատարների խմբում: Ավելին, Լիլիթ Գալոյանը լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մարիա Գեւորգյանը եզրափակում է առաջատարների եռյակը, իսկ Էլինա Դանիելյանը հավասար՝ 2,0 միավորով 11-րդ հորիզոնականում է: Մեկնարկային տուրում կես միավոր վաստակելուց հետո հաղթանակ տոնելով՝ Մարիա Կուրսովան իր անվան դիմաց գրանցել է 1,5 միավոր եւ բարձրացել 16-րդ հորիզոնական: Աննա Հայրապետյանը եւ Լիլիթ Մկրտչյանն ունեն մեկական միավոր: Առայժմ իրենց խաղը չեն գտել միայն Հայաստանի չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնք դեռ միավոր չեն վաստակել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2015