Հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերը, հայ մարզասերները ամենայն հավանականությամբ դիտելու հնարավորություն կունենան:
Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Մեր գործընկերն ասաց, որ այս փուլում Հանրային հեռուստատեսությունը բանակցում է Եվրոպական հեռարձակողների միության հետ: Իսկ թե արդյունքում ի՞նչ համաձայնություն ձեռք կբերվի՝ ուղիղ հեռարձակում կամ տեսագրության ցուցադրում, հայտնի կդառնա մոտ ժամանակներս:
Ցանկալի է, որպեսզի Հայաստանում ու Եվրոպայում ուղիղ հեռարձակում լինի: Մեր մարզիկները, որոնք տարբեր տարիների հարեւան հանրապետության մայրաքաղաքում մասնակցել են մրցումների, իրենց մաշկի վրա են զգացել հանդիսատեսի թշնամական վերաբերմունքը: Հետեւաբար, ուղիղ հեռուստահեռարձակումը մի կողմից կարող է մասամբ զսպել նրանց կրքերը, մյուս կողմից եվրոպայի ու աշխարհի մարզասերները, միջազգային մարզական կառույցները անձամբ կտեսնեն այնտեղ տիրող ընդհանուր մթնոլորտը եւ հաջորդ անգամ միջազգային պաշտոնական մրցումների անցկացման վայր ընտրելիս այդ հանգամանքը հաշվի կառնեն:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2015
Կարդացեք նաև