րեւանյան մի շարք ոչ մասնագիտացված կոսմետիկայի խանութներում կարող ենք տեսնել աշխարհահռչակ ֆիրմաների կոսմետիկական միջոցներ՝ «Chanel», «Christian Dior», «L’Oreal» «Nivea» եւ այլն: Մինչդեռ այս կոսմետիկական միջոցների մեծ մասի գները չունեն որեւէ աղերս օրիգինալ արտադրանքի գների հետ: Օրինակ, «L’Orial» ֆիրմայի տոնային քսուքներ կարող ենք տեսնել մի շարք խանութներում: Արտաքին տեսքից գրեթե չտարբերվող այս քսուքները տարբերվում են իրենց գներով՝ 1000 դրամից մինչեւ իրական բրենդին բնորոշ գնեի:
«Ռոսիա» տոնավաճառին կից կոսմետիկայի խանութներից մեկի վաճառողն ազնվորեն ներկայացնում է գնորդներին եւ ասում, որ այս ապրանքները օրիգինալ արտադրանք չեն. «Օրինակ, 1000 դրամանոց քսուքը ես խորհուրդ չեմ տալիս գնել, բայց ավելի շատ պահանջարկ ունի դա, քան, օրինակ, 5000 դրամանոց քսուքը»:
Կեղծ կոսմետիկական միջոցներից օգտվող քաղաքացիներից մեկը` Աննան, կոսմետիկա գնում է ոչ մասնագիտացված խանութներից ու երբեմն լինում են խնդիրներ՝ մաշկի հետ կապված. «Վերջերս 3-րդ մասի գետնանցումից գնել եմ «L’Oreal» ֆիրմայի դիմային քսուք՝ 2500 դրամ արժողությամբ: Հասկանում եմ, որ պատենտ է, բայց որակը սարսափելի է: Ընդամենը մեկ անգամ եմ քսել ու ամբողջ դեմքիս վրա սեւ կետեր էին եղել, մաշկս կոշտացել էր: Միայն մի քանի անգամ դեմքս լվանալուց հետո հետքերը կամաց-կամաց անցան»:
Նման խնդիրները, ինչպես նշում է կոսմետոլոգ Աննա Նավասարդյանը, պայմանավորված են նրանով, որ հայերը հիմնականում ունեն յուղոտ մաշկ. «Կոսմետիկայի օգտագործումը հանգեցնում է նրան, որ ծակոտիները խցանվում են՝ չտալով հնարավորություն ենթամաշկային ճարպի դուրս գալուն, որի արդյունքում առաջանում է սեւ կետիկային ցան»: Նա նաեւ ասաց, որ հայուհիները օգտագործում են դիմահարդարման տարբեր միջոցներ՝ սկսած ամենաթանկից, վերջացրած ամենաէժանագինով. «Այն, ինչ կա մեր շուկայում, օգտագործվում է. ամեն արտադրանք ունի իր սպառողը: Ամեն դեպքում, շատերն են դժգոհում. մարդիկ չգիտեն, թե ինչ տեսակի մաշկ ունեն, դրա հետեւանքով կատարում են սխալ ընտրություն եւ կանգնում են խնդրի առաջ»:
Կոսմետիկա գնելուց կարելի է հաշվի առնել, որ եթե, օրինակ, տուփի վրա պատկերված է նապաստակ, ուրեմն այն նախապես փորձարկվել է որեւէ կենդանու վրա, կամ եթե պատկերված է խնձոր, նշանակում է, որ քաղցկեղածին բաղադրությունը բացառվում է:
«Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ սպառողն իրենց է դիմել կոսմետիկական որեւէ միջոցին առնչվող խնդրով: Կենտրոնի աշխատակից Սիրանուշ Զաքարյանը նշեց, որ դիմում-բողոք եղել է կոսմետիկայի վերադարձի հետ կապված, եղել են նաեւ ահազանգեր, երբ սպառողը ցանկություն է հայտնել պարզելու, թե արդյոք տվյալ կոսմետիկական միջոցը օրիգինա՞լ է, թե՞ ոչ. «Կոսմետիկայի շուկան այսօր անվերահսկելի է, քանի որ ՀՀ-ում չունենք տեխնիկական կանոնակարգ: Սերտիֆիկատ չի պահանջվում, ու ամեն մեկը նույնիսկ նկուղում պատրաստած կոսմետիկան կարող է բերել ու վաճառել: Խնդրի վերաբերյալ մենք փաթեթ ենք ներկայացրել, որի մեջ ներառել ենք նաեւ կոսմետիկայի մակնշման հետ կապված խնդիրը: Այսօր Հայաստանում կոսմետիկան վաճառվում է առանց հայերեն մակնշման: Ըստ էության, սպառողը չի կարող հասկանալ՝ ինչ նյութեր են օգտագործված կոսմետիկայի մեջ»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման, չափագիտության եւ տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանը եւս նշում է, որ մինչեւ ԵՏՄ անդամակցելը (նաեւ ներկայումս), Հայաստանի Հանրապետությունում կոսմետիկական արտադրանքի բնագավառում համապատասխանության գնահատում չի պահանջվել, քանի որ չկա համապատասխան ՀՀ տեխնիկական կանոնակարգ: ՀՀ տարածքում ներկայումս գործում է «Օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգը, որի համաձայն՝ արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացվում է հայտարարագրման, իսկ որոշ դեպքերում` պետական գրանցման ձեւով (նշված ոլորտում սերտիֆիկացում չի նախատեսվում): Մինչեւ 2016թ. հունվարի մեկը օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի շուկայահանման համար ՀՀ գործող օրենսդրությամբ շուկայահանվող արտադրանքի` տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի ներկայացում չի պահանջվի, իսկ նշված ժամկետից հետո համապատասխանության գնահատումը կիրականացվի հայտարարագրման կամ պետական գրանցման ձեւով:
Շուկայի վերահսկողության պետական տեսչությունից տեղեկացանք նաեւ, որ իրենց կողմից նշած հարցերի առնչությամբ ստուգումներ չեն իրականացվել տեխնիկական կանոնակարգերի բացակայության պատճառով: Այդ պատճառով փորձեցինք ինքներս ՀՀ ֆինանսների նախարարության Մաքսային ծառայությունից ճշտել, թե մաքսանենգ ճանապարհով ի՞նչ կոսմետիկական միջոցներ են ներկրվում Հայաստան ու ի՞նչ ճանապարհով, բայց մեզ հստակ պատասխան չտրվեց: Նախարարության հասարակայնության հետ կապի բաժնից մեզ տեղեկացրին, որ դա նշելը շատ բարդ է, եթե ոչ անհնարին. «Դա ամիսների երկարատեւ աշխատանք է պահանջում, հազարավոր թղթեր պետք է ուսումնասիրվեն՝ ասելու համար, թե ինչ կոսմետիկական միջոցներ են ներկրվում մաքսանենգ ճանապարհով: Անհնարին է, մեզ էլ հասկացեք»:
ԶԱՐՈՒՀԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2015