Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հրեշություն էր մի երկրի նկատմամբ, որն այնքան էլ մեծ չէ ու այդքան մարդ է միանգամից կորցնում». Բորիս Գրաչևսկի

Մայիս 21,2015 23:25

«Սա ահռելի ցավ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Վշտի մեջ բոլորը հավասար են, բայց սա հրեշություն էր մի երկրի նկատմամբ, որն այնքան էլ մեծ չէ ու այդքան մարդ է միանգամից կորցնում»,- այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց ու խոնարհվելուց հետո, ասաց ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին:

ՌԴ արվեստի վաստակավոր գործիչը Հայաստանում է՝ Կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակներում:

Այսօր՝ Երևան ժամանելուց հետո, նա այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծանոթացավ նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությանը:

Փորձելով զսպել հուզմունքն ու արցունքները՝ Բ. Գրաչևսկին ասաց, որ 1915 թվականին մեզ հետ կատարվածը ոչնչի հետ չի կարող համեմատել. «100 տարի է անցել այդ ողբերգությունից, բայց բոլորս ապրում և պետք է ապրենք այդ հիշողությամբ: Աշխարհում շատ քիչ են նման վայրենություններ եղել, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այլևս երբեք այդպիսի կամ անգամ դրան մոտ բաներ չկատարվեն աշխարհում: Բոլոր մարդիկ արժանի են խաղաղ ապրելու»,- ընդգծեց նա:

Բ. Գրաչևսկու խոսքով՝ թեև տասնամյակներ առաջ չէին խոսում այս թեմայով, բայց այսօր արդեն հավուր պատշաճի հիշում և հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. «Ֆրանսիայում անգամ դատական հետապնդման են ենթարկվում ցեղասպանության փաստը հերքող մարդիկ: Ճիշտ է, Ռուսաստանում նման հետապնդում չկա, բայց մարդիկ գիտեն և չեն կարող մոռանալ այդ ողբերգության մասին»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ այս օրերին, երբ Բ. Գրաչևսկին Հայաստանում է գտնվում, «Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամը կիրականացնի նրա «Նոտաների միջև կամ տանտրիկ սիմֆոնիա» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությունը Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում, Գավառում և Դիլիջանում:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան, իսկ հաջորդ օրերին՝ մինչև մայիսի 25-ը, ցուցադրություններն արդեն կշարունակվեն մարզերում: Ծրագրի նպատակը մարզերում մշակութային կյանքը խթանելն է, մարզաբնակ երեխաներին և պատանիներին մշակութային անցուդարձում ընդգրկելը:

«Մոտ տասը տարի պատրաստվել եմ այս ֆիլմի նկարահանմանը: Ֆիլմ, որտեղ իմ դիտարկումներն են կյանքի մասին: Գիտե՞ք՝ հասարակությունը միշտ մտածում է, որ հենց այսպես կամ հենց այնպես պետք է լինի, բայց իրականում կյանքը պետք է ապրես քեզ հարմար ձևով. դա հասարակության գործը չէ»,- շեշտեց Բ. Գրաչևսկին:

Ինչ վերաբերում է իր ֆիլմը Հայաստանում ցուցադրելուն, նա ասաց, որ դա իր համար բնական է, քանի որ հայերն ու Հայաստանը շատ սիրելի, հոգեհարազատ ու թանկ են իր համար. «Այստեղ՝ իմ առաջին ֆիլմի պրեմիերայի ժամանակ, ես արցունքներ տեսա հանդիսատեսի աչքերում. դրանք այն արցունքներն էին, որոնք կարող էին լինել միայն հասկացող մարդկանց աչքերում»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031