Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորների միության կարծիքը չեն հարցրել, բայց Արամ Սաթյանը նախագծից դժգոհ չէ

Մայիս 21,2015 22:03

1915 թվականից հետո ծնված հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները զետեղվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ թողարկված «100 հայկական մեղեդի» անունը կրող ձայնասկավառակների հավաքածուում:

MHM95972

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ թողարկված 8 ձայնասկավառակներից յուրաքանչյուրում ներկայացված է երաժշտական մի ժանր:

«Սա մի գործընթաց է, որը վաղուց է սկսվել՝ դեռևս 2009 թվականից,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը,- թվայնացվում ու պահվում են և´ երաժշտարվեստի ստեղծագործությունները, և´ կինոժառանգությունը, և´ կերպարվեստի գործերը»:

Փոխնախարարի խոսքով՝ այս աշխատանքը կնպաստի սփյուռքահայերին ուծացումից հետ պահելուն. «Վերջին տարիներին հայկական մշակութային ժառանգության պահպանությունը, թվայնացումն ու տարածումը թե´ Հայաստանի, թե´ սփյուռքի հայերի մեջ, ինչպես նաև այդ ժառանգության օգտագործումը մեր պրոֆեսիոնալ կոլեկտիվների կողմից, գերակայություն են համարվում մեզ համար»,- ընդգծեց Ա. Պողոսյանը:

Երաժիշտ Վահագն Հայրապետյանի դիտարկմամբ՝ կարիք չկա ընդգծելու, որ ձայնասկավառակները, հատկապես սփյուռքի հայերի համար են նախատեսված՝ վերջիններիս մոտ պահելու համար հայկական երաժշտությանը. «Առավել անհրաժեշտ է, որ հայկական երգն ու երաժշտությունը ներկայացվեն ողջ աշխարհին, որովհետև սփյուռքահայերն այդ ամենին արդեն ծանոթ են ու ինքնության պահպանման խնդիրն իրենք իրենց մոտ արդեն լուծել են: Մենք մեր հայաստանյան կոպիտ ասած՝ շուկան, աշխարհին պիտի ներկայացնենք»,- ընդգծեց երաժիշտը:

Նշենք, որ նախագիծն իրականացնելիս հաշվի չի առնվել Հայաստանի կոմպոզիտորների միության կարծիքը: Այս մասին այսօր տեղեկացրեց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Բայցևայնպես, Ա. Սաթյանը հաջողված է համարում այսպիսի ձայնասկավառակների հավաքածու ստեղծելու գաղափարը. «Թող 8-ը դառնա 18»,- ասաց նա՝ հավելելով, որ Միության արխիվներում կան ձայնագրություններ, որոնք նույնպես կարող էին ընդգրկվել թողարկված ձայնասկավառակներում, եթե նախապես տեղյակ պահած լինեին Միությանը. «Ինչևէ, ես կարծում եմ, որ ժամանակը կգա, դրանք էլ նոր կյանք կառնեն»,- ասաց նա:

Ի պատասխան՝ Ա. Պողոսյանն ասաց, որ ընդամենը 8 ձայնասկավառակում, իհարկե, հնարավոր չէր լինի ներառել 1915 թվականից ի վեր ստեղծված մեր ողջ երաժշտական ժառանգությունը, որովհետև այն շատ մեծ է. «Սակայն այս գործընթացը շարունակական է լինելու»,- վստահեցրեց փոխնախարարը:

Այնուամենայնիվ, ի՞նչ սկզբունքով են ընտրվել ստեղծագործությունները:

Հավաքածուի ստեղծման աշխատանքներին մասնակցած Միքայել Տոնիկյանն ասաց, որ հիմնականում այն կատարումներն են ընդգրկվել, որոնք արդեն իսկ թվայնացված են եղել կամ հնարավոր է եղել սեղմ ժամկետներում թվայնացնել դրանք:

Նշենք, որ ձայնասկավառակը նախատեսված չէ վաճառքի համար, այն հուշանվերային հրատարակություն է և լույս է տեսել 100 օրինակով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031