Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը մտավախություն չուներ, թե Աղվան Հովսեփյանը Սուրիկ Խաչատրյանի որդու գործը կկոծկի

Մայիս 21,2015 20:15

«Նախապատրաստվեցին նյութեր, նյութերի արդյունքում ոստիկանությունը՝ որպես հետաքննության մարմին, և այնուհետև նախաքննություն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, կարող են կայացնել որոշում՝ կամ քրեական գործ հարուցելու, կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Դատախազը նյութերի նախապատրաստման ավարտին նյութերը պահանջեց ոստիկանությունից և ինքը որոշեց քրեական գործ հարուցելու մասին»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ իրավապահները սպասեցին, որպեսզի Սուրիկ Խաչատրյանի որդին լքի Հայաստանը, նոր նրան բերման ենթարկելու որոշում կայացրեցին:

Նա նաեւ ասաց, որ քրեական գործը հարուցելուց հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե, որն իրականացրեց քննություն և արդեն տեսավ, թե ովքեր են այն վկաները, ովքեր պետք է հարցաքննվեն տվյալ հանցագործության հետ կապված և վկաներին ուղարկեց համապատասխան ծանուցագրեր:

«Եթե չեմ սխալվում, վկաները ամսի 9-ին պետք է ներկայանային նախաքննության մարմին, բայց չներկայացան: Քրեական դատավարության օրենսգրքով, եթե վկային դու հրավիրում ես կոնկրետ օրը, դա նշանակում է, որ այդ վկան քեզ պետք է տվյալ ժամանակահատվածում, հակառակ դեպքում դու իրեն, ընդունենք, երկու ամիս հետո կհրավիրեիր: Եթե իրեն հրավիրում ես, բայց ինքը չի գալիս, օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ դեպքում որոշում է կայացվում բերման ենթարկելու մասին: Երբ որ դատախազն արդեն երկու օր շարունակ հետաքրքրվեց ի՞նչ եղավ, արդյոք միջոցներ ձեռնարկվել են վկաների ներկայությունն ապահովելու համար, որպեսզի տեսնի, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել կամ ձեռնարկվել են, թե ոչ, ամսի տասնմեկին, թե տասներկուսին գործը նորից պահանջեց: Երբ տեսել է, որ բերման ենթարկելու պարտականությունը կիրառված չէ, հետևաբար դատախազն ինքը ցուցում տվեց, որպեսզի բոլոր վկաներին բերման ենթարկեն»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Հարցին ի պատասխան, նա նշեց, որ մտավախություն չուներ, թե Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը գործ կկոծկեր, դա չէր պատճառը, որ այս գործով դատախազությունը հարուցեց քրեական գործ: Ըստ Կոստանյանի՝ դատախազության կողմից քրեական գործերը հարուցելը նորույթ չէ, ավելին, վերջին շրջանում այդ դեպքերը կրկնապատկվել ու եռապատկվել են:

Հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ Սուրիկ Խաչատրյանի որդին կարողացավ լքել Հայաստանը, Գլխավոր դատախազը պատասխանեց, չգիտի, թե քննիչը երբ է նրան բերման ենթարկելու որոշում կայացրել, երբ է այն ուղարկել ոստիկանությանը, երբ է ոստիկանությունն իրականացրել: «Երկիր ա լքել, երկիր չի լքել, չգիտեմ որտեղ ա եղել, դա հարցի քառասունիններորդ կողմն է, կարևորն այն է, որ վկան ներկայանա նախաքննության մարմին»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ Գլխավոր դատախազը Սուրիկ Խաչատրյանի որդուն վկա է անվանում, այնինչ կան տեղեկություններ, որ նա է մայիսի երկուսի դաժան ծեծի գլխավոր դերակատարը, Կոստանյանը պատասխանեց, որ եթե իրոք գործում կան նման տվյալներ, բացի այս կամ անձի հրապարակած կարծիքից, նախաքննության մարմինը համապատասխան կարգավիճակ կտա: «Համենայնդեպս այս պահի դրությամբ ես դեռևս չունեմ տվյալներ, թե ինչ ապացույցներ են ձեռք բերվել ում հետ կապված, բայց ենթադրում եմ, որ երկուշաբթի օրը ես մի հատ գործը կպահանջեմ և կտեսնեմ՝ ով ինչ քննություն է արել, և արդյոք ճիշտ իրավական գնահատականներ տրվել են, թե՞ չեն տրվել: Քրեական գործը թող քննեն, Քննչական կոմիտեն լավ ա քննում, հետո արդյունքները ես կգնահատեմ: Ես մասնագիտական հոտառությամբ որոշումներ չեմ կայացնում»,- ասաց նա:

Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի ուղղությամբ երեկ հնչեցված կրակոցներին և պատասխանելով հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ժողովուրդը չի վստահում իրավապահ համակարգին և որոշել է վենդետայով հարցերը լուծել՝ Գլխավոր դատախազն ասաց, որ ցանկացած քրեական գործի վերաբերյալ քննարկումներն ու եզրահանգումները հանգեցնում է դատավարության մասնակցի իրավունքների խախտմանը. «Շատ ժամանակ մենք կարող ենք ունենալ պրոցես և պրոցեսի արդյունքը որևէ մեկի համար կանխատեսելի չէ, քննությունը դեռևս իրականացված և ավարտված չէ, բայց արդեն հետևություն է արվում, որ ուրեմն չեն վստահել արդարադատությանը, դրա համար դիմել են այդ քայլին: Եթե արդարադատությունը դեռևս ընթացքի մեջ է, չի ավարտվել, որոշում չի եղել, կասկածների հիման վրա եկեք որևէ մեկս ենթադրություններ չանենք»:

Գլխավոր դատախազը հայտարարեց նաև, որևէ մեկի հետ լարված հարաբերություններ չունի, միայն աշխատանքային հարաբերությունների մեջ է: Լրագրողն ակնարկում էր Աղվան Հովսեփյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031