Օրեր առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ՝ ոստիկանների կիրառած բռնությունների առիթով ծառայողական քննություն է նշանակվել: Սակայն այսօր, երբ որդեկորույս մայրերը նույն պահանջով գտնվում էին խորհրդարանի, հետո նաև նախագահի նստավայրի առաջ Aravot.am-ին հավաստիացրին, որ քննության արդյունքների մասին որևէ բան չի հաղորդվել:
Զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, ցույց տվեց իր ձեռքի կապտուկները, որոնք մինչև այժմ տեսանելի են: Պատմեց նաև, որ Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի կուրծքն են ոստիկանները ճմկտել:
Նրանց պահանջը նույնն էր. հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, ինչը կրկին չիրականացավ:
Նշենք, որ որդեկորույս մայրերի պայքարի վերաբերյալ «Զինվոր համակարգող խորհուրդ» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հայտարարել էր, թե «գիտեմ, որ ոչինչ չի փոխվելու, այլ դրանով իրենց են վնասելու»: Aravot.am-ի՝ այս հիշեցումը վրդովեցրեց որդեկորույս մայրերին:
Կարդացեք նաև
2007 թվականին ծառայության ժամանակ մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը հայտարարեց. «Մարգարիտա Սարգսյանի անունը մի տուր, ես ներվայինանում եմ…Ինքը հայտարարեց, թե Կոստանյանը բանակում չի ծառայել, ուստի չի բացահայտելու մեր գործերը… Մառոզ Մարգոյից ինձ հարցեր մի տվեք, իրեն ասեք, թե ինչու են այս մայրերը գալիս այստեղ»:
Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն էլ հայտարարեց, թե Մարգարիտա Խաչատրյանը ստել է՝ ասելով, որ իմ որդին մահացած է եղել, հետո եկել ներողություն է խնդրել:
Զոհված Արայիկ Ավետիսյանի մայր Անահիտ Մկրտչյանը նշեց, թե Մարգարիտա Խաչատրյանին զոհված զինվորի մայր չի ընկալում և շեշտեց, թե իր նկատմամբ Մարգարիտան ոչ մի հայտարարություն անելու իրավունք չունի. «Ես չեմ պատկերացնում, երբ քրեական գործը չի բացահայտվել, բանակում որդուդ սպանել են, հետո համագործակցում ես ՊՆ-ին, դատախազի հետ, չեմ հասկանում դա: Մեր հինգ մայրերի պահանջը մեկն է. քրեական գործերին իրավական գնահատական տրվի և տղաների սպանությունը բացահայտեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ