Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական Մազամի եւ սահմանամերձ Բերքաբերի համառ ձկնորսի մասին

Մայիս 21,2015 19:33

Մայիսի 16-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագոտում տիրող վիճակը, ազգամիջյան հակամարտության հետեւանքով սահմանագոտու բնակիչների խնդիրները:

Ադրբեջանցի հասարակական ակտիվիստ, Թեքալիի հանդիպումների մշտական մասնակից Զամիրա Աբասովան ասաց, որ ինքը մի ադրբեջանցու եւ գերմանացու ուղեկցությամբ վերջերս այցելել է Ղազախի շրջանի սահմանամերձ Մազամ գյուղ: Դրա դեմ-դիմաց, Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվում է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը: Զամիրան ասաց, որ բնությունն այնտեղ հրաշալի է, հայերն ու ադրբեջանցիները  կարող էին միասին շատ բան անել տուրիզմի զարգացման համար, սակայն հակամարտության պատճառով շատ բան են կորցնում: Նրա խոսքերով՝ Մազամում բնակիչներ քիչ կան, տխուր է, այն տպավորությունն է, կարծես մարդ է մահացել: Գյուղում ոչ մարդիկ են երեւացել, ոչ՝ շուն, ոչ՝ կատու: Մազամից երիտասարդները հեռացել են ,միայն ծերերն են մնացել:

Zamira

Զամիրան հավելեց. «Ես այդքան մոտիկից չէի տեսել հայկական դիրք, հայ զինվոր: Այնտեղ լիճ էր, դրա ափին հայկական ավտոմեքենա էր կանգնած, այնտեղ քաղաքացիական անձինք էին հանգստանում»: Նրա խոսքերով՝ Մազամի բնակիչները հայերի հանդեպ այլեւս ատելության չունեն, միայն՝ սարսափ իրենց կյանքի համար: Աբասովան ասաց, որ Մազամի դպրոցում 10 աշակերտ կա, նրանք էլ հաճախ դասի չեն գնում, քանի որ դպրոցը գտնվում է հայկական դիրքերի դեմ: Մազամցի մի  տղամարդ ցույց է տվել իր տան դիմաց, 150 մ հեռավորության վրա գտնվող հայկական հենակետը, որտեղից տունը գնդակոծվել է, տղամարդը մատնացույց է արել պատուհանում գնդակի հետքը: Զ. Աբասովայի խոսքերով՝ Մազամի բնակիչները վախենում են գիշերները տների լույսերը վառել: Մազամի բնակիչը  խնդրել է հայերին փոխանցել իր խնդրանքը՝ հայկական դիրքը մի քիչ հեռու տանել կամ էլ դիրքի տեղադրությունը փոխել: Նրանք նաեւ խնդրել են,որպեսզի գյուղում հուղարկավորությունների ժամանակ հայկական զինուժը չկրակի: Մազամցիներն ասել են, որ իրենց ուղղությամբ ոչ միայն հայկական դիրքերից, այլ նաեւ Բերքաբեր գյուղի տարածքից են կրակում:

Թեքալիի աշխատանքային խմբի անդամ, Մազամին սահմանակից Ներքին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանը Զամիրայի ելույթին արձագանքելով՝ ասաց, որ Մազամի փողոցները գիշերները լուսավորվում են: Տողերիս հեղինակը թեման շարունակելով ասաց, որ հայկական գյուղերից ադրբեջանական գյուղերի վրա չեն կրակում:

Նաեւ ներկայացրինք բերքաբերցի ձկնորսի  պատմությունը : Նա ձուկ է որսացել Ջողազի ջրամբարում, ադրբեջանցի զինյալները գնդակոծելով՝ նրան ոտքերից վիրավորել են: Սակայն դրանից հետո նա շարունակում է կյանքը վտանգելով ձուկ որսալ, քանի որ ձկնորսությունից զատ՝ ապրուստի միջոց չունի:

Arzu

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաեւան ասաց, որ ինքը եղել է Մազամում, ֆիլմ է նկարահանել: Նա ասաց, որ իրեն զարմացրել են մազամցի մի կնոջ խոսքերը: Նրան հարցրել են ՝ դու հայերին ատո՞ւմ ես: Նա ասել է՝ ոչ, չէ որ սահմանի մյուս կողմում էլ նման պայմաններում են ապրում, հայ մայրն էլ վախենում է իր զավակի կյանքի նման: Արզու Աբդուլաեւան ասաց, որ Մազամում լսել է բերքաբերցի ձկնորսի պատմությունը: Մազամցիները  դա այլ կերպ են ներկայացրել, որ այ, ձկնորսի վրա կրակել են, բայց նա նորից է վտանգավոր գոտում ձկնորսություն անում, տեսեք՝ հայերն ինչքան համառ են: Թեքալիում աշխատանքային հանդիպումից հետո Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանին հարցրինք գյուղի սահմանագոտում կրակոցների մասին: Նա հայտնեց, որ երբեւէ Բերքաբեր գյուղի տարածքից Մազամի վրա գնդակոծություն չի եղել: Սահմանը հսկող հայ զինծառայողները նույնպես նախահարձակ չեն լինում, երբ ադրբեջանական զինուժը գնդակոծում է մեր պաշտպանական դիրքերը եւ Բերքաբեր գյուղը,նրանք հարկադրված են լինում պատասխան կրակ բացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Vahe says:

    Ամոթ է, հերիք է ձեր թրքամետությունը ցույց տաք, ադրբեջանին սարքեցիք սուրբ, Հայերին տերորիստ, ամոթ է: Մի հատ գնացեք մեր սահմանամերձ գյուղերի ապրողներին տեսեք, նրանցից հարցազրույց վերցրեք, նրանց մասին գրեք, թե ինչպես են ապրում, ինչպես են գիշերը քնում եւ առավոտյան արթնանում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/05/21/574159/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Նույն հոդվածը տարբեր մարդիկ կարդալով՝ տարբեր տպավորություններ են ստանում: Թրքամետ չեմ եղել եւ չեմ: Լավ կլիներ, որ Երեւանի Աբովյան փողոցում 2013թվականին փռված որակյալ ասֆալտը 2014-ին չքանդեին, նոր ասֆալտով փող չլվանային: Իսկ Բերքաբեր տանող միակ ռազմավարական նշանակության ճանապարհը կիսաքանդ է: Ես 25 տարի սահմանագոտում եմ ապրում եւ որպես լրագրող աշխատում, հաստատ լավ գիտեմ, ամեն օր ներկայացնում եմ սահմանում ապրողների վիճակը:

  3. Գայանե Գևորգյան says:

    Հարց՝ հեղինակին․
    այս նյութի իմաստը ո՞րն է։

  4. Նյութի իմաստը սահմանագոտու իրավիճակի մասին հավաստի եւ օբյեկտիվ լրատվություն մատուցելն է:Այսօր առավոտ լրագրողներից մեկը այս հոդվածը գովեց: Հիմա շուրջ 3 հազար մարդ է ընթերցել այս նյութը: Տարբեր տարիքի, աշխարհընկալման, խավի, նախապաշարումների տեր մարդիկ են կարդում, հո այն բոլորին չի կարող դուր գալ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031