Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Գյումրի այցելած Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցությունից հետո իր մոտ է հրավիրել ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, գնդապետ Սլավիկ Ղազարյանին, որը հիմա քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետն է եւ շշպռել է նրան՝ SHAMSHYAN.com կայքում հայտնված այն տեսանյութի համար, որտեղ նախկին ոստիկանը հայհոյանքներ է հնչեցնում ոստիկանների հասցեին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանապետը նույնիսկ ցանկություն չի հայտնել լսել Սլավիկ Ղազարյանի պարզաբանումը, թե ում հետ էր խոսում, ինչու էր այդպես վրդովվել եւ ոստիկաններին հայհոյելիս կոնկրետ անձի ի նկատի ունե՞ր, թե՞ բոլոր ոստիկաններին: Նշենք, որ տեսանյութում քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքում խլացված մասերը շատ էին, ու ըստ SHAMSHYAN.com կայքի, դրանք հայհոյանքներ են ՝ հնչեցված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ոստիկանների հասցեին:
Մենք այս թեմայով փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սլավիկ Ղազարյանից, սակայն նա երեկ ամբողջ օրը անհասանելի էր, այս պահին թեեւ հասանելի է, սակայն հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ կեսօրին՝ քաղաքապետարանում չէր: Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը մեզ փոխանցեց, որ գործին ընթացք տալու եւ դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար իրենք գրավոր դիմում են ներկայացրել SHAMSHYAN.com կայքին՝ խնդրելով տրամադրել ամբողջական տեսանյութը՝ առանց կրճատումների: Թեեւ տեսանյութը Գյումրու քաղաքապետարանում թեժ քննարկման թեմա է դարձել, սակայն այստեղ խուսափում էին գնահատականներից ու մեկնաբանություններից, քանի որ, ըստ նրանց, անհասկանալի, չպարզաբանված հարցեր շատ կան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ