Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սուքիասյան. «Այդ մե՛նք պետք է երեխաներից հետաքրքրվենք՝ արդյոք լա՞վ հանդիսատես եղանք»

Մայիս 21,2015 18:33

Այսօր՝ մայիսի 21-ին «Վարդանանք» կրթահամալիրը յուրատեսակ հաշվետվություն ներկայացրեց՝ «Զուտ հայկական պատմություն» խորագրով միջոցառում,  նվիրված  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Բեմականացման մեջ ներգրավված էին ե՛ւ աշակերտները, ե՛ւ ուսուցիչները, անգամ դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, կրթության եւ մշակույթի ոլորտների մարդիկ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Ինչպես  Aravot.am-ի հետ զրույցում նշեց կրթահամալիրի հիմնադիր, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը,  եթե այլ դպրոցներ տիրոջ իրավունքով է մտնում, ապա  այսօր աշակերտի կարգավիճակում է իրեն զգում՝ պատասխանատու լսարանի առաջ: Նա հայտնեց, որ միշտ երազել է ապագայի դպրոցի մասին ու իր ձեւակերպմամբ, չի համարձակվել  «շոշափել» երազանքը՝  այն չփշրելու վախով ու  շատ կուզենար, որ «Վարդանանքը» փոքր-ին մոտ լիներ իր երազանքի դպրոցին:

IMG_6199 IMG_6202 IMG_6206 IMG_6209

«Վարդանանք» կրթահամալիրի մասնագիտական աջակցության գծով փոխտնօրեն Արմինե  Թոռունյանը խոսելով միջոցառման մասին, ասաց, որ այն կրում է «Զուտ հայկական պատմություն» խորագիրը. «Ստեղծել ենք  մեր տարբերակը, դա ամեն մի հայի շատ բնորոշ ճակատագիր է: Ուզում ենք մեր հարյուրամյա պատմությանը նայել հավատով, մեր ապրումները, տխրությունը, ցավը թողնել անցյալում եւ այսօր լինել պահանջատեր, քանի որ հավատում ենք, որ հաղթելու ենք: Այսօր դպրոցում այն  սերունդն է, որը վաղը ինքն է լինելու պահանջատեր»:

Կրթահամալիրի տնօրեն Կատարինա Ազատյանի կարծիքով իրենց կրթօջախը բոլոր կրթօջախների նման է, քանի որ բոլորի  նպատակն էլ որակյալ կրթությունն է եւ լավ քաղաքացի դաստիարակելը: Նրա ասելով, սցենարի մեջ նաեւ երեխաների ներդրումը կա, նրանց տվել են ստեղծագործելու եւ իրենց մտքի թռիչքի հնարավորություն:

ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը նշեց, որ կրթության մեջ արված ներդրումը լավագույն ներդրումն է, քանի որ այն տասնապատկված վերադառնում է, իսկ Արամ Սուքիասյանը խոսեց բեմականացման ռեժիսուրայի, խոսքի կուլտուրայի ու որակի մասին: «Այդ մենք պետք է երեխաներից հետաքրքրվենք՝ արդյոք լա՞վ հանդիսատես եղանք, արդյոք չխանգարեցի՞նք իրենց»,-ասաց փոխքաղաքապետը:

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչների» հիմնադիր Տիգրան  Հեքեքյանի երեխաները «Վարդանանք» կրթահամալիրի սաներ են: Նա ներկա պատգամավորներին խորհուրդ տվեց. «Լավ կլիներ, որ ամեն մեկը մյուսներին «իրենով անի» ու վարակի մտածել դպրոցի մասին: Այդ դեպքում ուրիշ երկիր կունենանք»: Նաեւ երազեց, որ վաղվա պատգամավորներ հենց այս երեխաները դառնան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031