Մայիսի 19–ին Տաջիկստանի Հանրապետության տարածքում գտնվող Խարբմայդոն զորավարժարանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման միջոցառման գործողությունները: Շուրջ մեկ շաբաթ գտնվելով Տաջիկստանի Հանրապետությունում և պատվով մասնակցելով ՀԱՊԿ-ի շրջանակում առաջին անգամ անցկացված այդ ստուգատեսին, հայկական զորախումբը մայիսի 20-ին վերադարձել է հայրենիք:
Անցկացված վարժանքների նպատակն էր ՀԱՊԿ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի շրջանակներում գործող ուժերի ղեկավար կազմին հնարավորություն ընձեռել մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում գործնականում կիրառել և ամրապնդել բազմազգ զորախմբի ղեկավարման, անհրաժեշտ քայլերի համատեղ պլանավորման ու իրականացման գործառույթները: Որոշումներ կայացնելիս ուշադրություն է դարձվել պայմանական հակառակորդի գրոհային խմբերի կանգնեցման և ոչնչացման միջոցներին, կրակի ղեկավարման մեթոդներին, բազմազգ զորախմբում ներգրավված ազգային ստորաբաժանումների միջև փոխհամագործակցության ամրապնդմանն ու դրա արդյունավետության բարձրացմանը:
Մայիսի 19-ին տեղի է ունեցել անակնկալ ստուգումների եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Անակնկալ ստուգմանը մասնակցող ազգային ստորաբաժանումները համատեղ ու ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները: Վճռական փուլի ընթացքում կիրառվել են զրահատեխնիկա, մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ցամաքային մարտական և գրոհային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, հրետանի և այլն:
Կարդացեք նաև
Համատեղ ուժերի հատուկ գործողությունների գնահատականը վճռական փուլի ավարտին տվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ անակնկալ ստուգման գործողություններն անցան հաջող ու արդյունավետ, ազգային զորախմբերն ու դրանց հրամանատարներն ապացուցեցին, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ստորաբաժանումներն ի զորու են կատարել առաջադրված մարտական խնդիրները:
Ուսումնամարտական վարժանքները ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն են ընձեռել:
Կրակային փուլին հաջորդել է փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացում բազմազգ զորախմբի կազմում աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ