«Այս գործով դուք ի սկզբանե ստանձնել եք հովանավորչություն, եւ խախտվել է բազմաթիվ քրեադատավարական նորմեր»- այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին այսպիսի մեղադրանք ներկայացրեց Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ասաց, որ Գեւորգ Կոստանյանը Գորիսի միջադեպից մի քանի օր անց, չունենալով փորձաքննության տվյալներ, հայտարարեց, թե ինչ է տեղի ունեցել. «Դա ձեր կանխակալ դիրքորոշումն էր եւ հովանավորչության փաստացի դրսեւորում»:
Գեւորգ Կոստանյանն էլ հակադարձեց եւ քննադատեց Զարուհի Փոստանջյանին, որ իր կարծիքի մեջ զգույշ չէ. «Մի անգամ կարդայիք բոլոր որոշումները գործի վերաբերյալ, հաստատ այդ հայտարարությունները չէիք անի: Բոլոր որոշումների մեջ ամեն կետի վերաբերյալ կա սպառիչ պատասխան: Ուղղորդման հետ կապված ես վիճելիության խնդիր երբեք չեմ տեսել: Մինչեւ Գորիս գնալը ես անմիջապես գնացել եմ հոսպիտալ, տեսել եւ զրուցել եմ Արտակի հետ: Հլը ես չեմ որոշել, որ պետք է գնամ: Անմիջապես, երբ գիշերը դեպքը եղավ, առավոտյան 9-ին հոսպիտալ եմ գնացել: Արտակ Բուդաղյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել, թե ով է եղել դեպքի վայրում՝ ինչքան ինքը հիշում էր»:
Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ, չնայած Կոստանյանը վստահեցնում է, որ դատախազը չի միջամտում քննիչի գործունեությանը, բայց ԲՀԿ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի դեպքում մեղադրանք առաջադրել էր հենց դատախազը: Գյումրիի բախումների հետ կապված էլ նա հիշեցրեց, որ ձերբակալվել էր սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանը: Ըստ տիկին Փոստանջյանի, դատախազն անընդհատ միջամտում է նախաքննական մարմնի գործունեությանը՝ իր խտրական որոշման հիման վրա:
Կարդացեք նաև
Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ դատախազը չպետք է միջոցներ ձեռնարկի: Իհարկե, դատախազության ֆունկցիան է դա: Գյումրեցի երիտասարդի եւ Գոհար Ենոքյանի վերաբերյալ որոշումներում մեղադրանք առաջադրել է այո, հենց դատախազը»:
Զարուհի Փոստանջյանը նաեւ հարց ուղղեց Գյումրիի դեպքերի հետ կապված. «Ինչո՞ւ չեք գնում եւ ձերբակալում Վալերի Պերմյակովին եւ հանձնում հայ իրավապահ մարմիններին»:
Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի իրավապահների համար սա աննախադեպ իրավիճակ է. «Ստեղծվել է մի վիճակ, երբ տեսության մեջ անգամ նկարագրված չի: Ոնց որ ունենաս մի հիվանդ, հիվանդությունն անգամ գրքերի մեջ նկարագրված չի: Դրա բուժման մեխանիզմների մասին պետք է դեռեւս քննարկել: Աննախադեպ իրավիճակ է թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի պրակտիկայի համար: Մենք քննարկում ենք, որ լուծումը լինի միայն միջազգային իրավունքին համապատասխան»:
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Պերմյակովի ձերբակալությունն օրինական չի եղել. «Անօրինականությունը դուք պետք է վերացնեիք՝ պատասխանատվության կանչելով ԱԱԾ աշխատակիցներին, ոստիկանությանը եւ այլն: Չեք արել: Ես հաղորդում եմ ներկայացրել, ընթացք չեք տվել, դա վիճարկում եմ դատարանում»:
Կոստանյանը չհամաձայնեց. «Հաղորդումն ուղարկում եմ Քննչական կոմիտե, որտե՞ղ է իմ անգործությունը»:
Գեւորգ Կոստանյանը բարկացավ, երբ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Մնացական Ալեքսանյանին ձերբակալել է, հետո ազատ է արձակել հանրային ճնշման ներքո:
Գլխավոր դատախազը հայտարարեց. «Երբեք հանրային ճնշման արդյունքում ոչ մի բան չեմ արել եւ չեմ անելու: Դա պատրանք է, նման բան չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ