Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսավորմամբ և ջանքերով ապրիլի 5-16-ը Գերմանիայի Բեռլին, Մյունխեն, Աշաֆենբուրգ, Նիդերլանդների Ալմելո, Բելգիայի Բրյուսել և Լիեժ, Ֆրանսիայի Մարսել, Դեսին և Սենտ Էտիեն քաղաքներում ցուցադրվեց «Վանա ծովուն արշալույսը» գեղարվեստական ֆիլմը, որոնց ներկա գտնվեց ֆիլմի համառեժիսոր Վահան Ստեփանյանը:
Ֆիլմը Հայոց ցեղասպանության հետևանքով Ամերիկա գաղթած Կարապետ Փամբուկչյանի ընտանիքի մասին է: Ֆիլմի առանցքը ԱՄՆ-ի բազմազգ հասարակությունում հայերի չորրորդ սերնդի ձուլման վտանգն է. մի կողմից որդին, ով ըմբոստանում է հոր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դեմ, մյուս կողմից թոռը, ով սիրահարվել է թրքուհուն: Ութսունամյա Կարապետը, ում մայրը հրաշքով փրկվել է եղեռնից, ձգտում է ամեն կերպ իր օտարված որդու ու թոռան մեջ արթնացնել, ամրացնել կորուսյալ hայրենիքի հետ կապը, փրկել ընտանիքը օտարացումից ու բաժանումից:
Նկարահանումները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և
Արևմտյան Հայաստանում:
Հանդիսատեսին հուզել է ֆիլմի սյուժեն, ինչպես նաև գլխավոր դերերում նկարահանված տարբեր երկրներից հրավիրված դերասանների` Ժան–Պիեռ Նշանյանի (ԱՄՆ), Արեն Վաթյանի (ՌԴ), Արևիկ Մարտիրոսյանի (Ֆրանսիա) և հատկապես Կարեն Ջանգիրյանի բարձրարվեստ խաղը: Առաջին անգամ հայկական ֆիլմում նկարահանվել է նաև թուրք դերասան Գյունըշը Զանը մարմնավորել է Կարապետի թոռան ընկերուհուն, ով ֆիլմում ևս թրքուհի է:
Կարդացեք նաև
Ֆիլմը հայ հանդիսատեսի կողմից ընդունվել է ջերմորեն, ոգևորությամբ, ցուցադրությունից հետո կազմակերպվել են քննարկումներ և վերլուծվել սյուժեի հիմքում ընկած Հայոց ցեղասպանությանը և դրա հետևանքներին վերաբերող հարցեր:
Ֆիլմի՝ բարձր կազմակերպվածությամբ ցուցադրությունը իրականություն դարձավ հայ համայնքների ներկայացուցիչներ Միքայել Մինասյանի (Բեռլին), Ժիլբեր Մոմջյանի (Մյունխեն), Խաչիկ Մխիթարյանի (Աշաֆենբուրգ), Մինու Նիկպայինի (Քյոլն), Հարութ Պողոսյանի (Ալմելո), Հերմինե Ազարյանի և Լուսինե Ներսիսյանի (Լիեժ), Պետեր Պետրոսյանի (Բրյուսել), Հակոբ Էթոյանի (Լիոն), Ֆրանկ Օհանեսյանի (Մարսել) և շատ ուրիշ անհատների ջանքերի շնորհիվ:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ