Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս մայրերին վրդովվեցրել են Սեյրան Օհանյանի կնոջ լուսանկարները. «Մենք էլ էինք ուզում մեր որդիներով երջանկանալ». (տեսանյութ)

Մայիս 21,2015 17:35

Այսօր զոհված զինվորների մայրերը հերթական անգամ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առաջ: Նրանց պահանջն անփոփոխ էր` բացահայտել իրենց որդիների սպանության գործերը, որոնք արդեն 5, 10, 14 տարի շարունակում են մնալ չբացահայտված:

Aravot.am-ի հետ զրույցում զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը պատմեց, որ իր որդուն սպանել են Հադրութում` գլխին հարված հասցնելով, բայց ներկայացրել են, թե իբր կայծակնային ուռուցք է առաջացել. «Իմ տղայի գլխին բութ գործիքով են խփել, նրա ուղեղն արյան մեջ է եղել: Ինձ ոչ ոք չի կարողանում դրա պատասխանը տալ: Մենք պահանջում ենք հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Ինքը գիտի այդ մասին, իր հրամանով է փակված իմ երեխայի գործը: 2010-ի դեկտեմբերին իմ երեխային սպանված բերեցին Մուրացանի հիվանդանոց, դիակը տաքացնում էին, որ ասեն, թե հետո է մահացել»:

Իրինա Ղազարյանը վրդովված է, թե դատախազությունից Բաղրամյան 26 շղթան չի ցանկանում բացահայտել իր որդու գործը. «Տարին մեկ Սեյրան Օհանյանին տղա եմ տվել, տղայիս կյանքը խլեցին, հիմա ես նրանից էլ պիտի պահանջեմ իմ երեխային: Բայց արդեն յոթ ամիս է դիմումներ եմ գրում, որ Սեյրան Օհանյանն ինձ ընդունի, չի ընդունում»:

Zinvor_1

Զոհված Արայիկ Ավետիսյանի գործն արդեն 14 տարվա վաղեմություն ունի: Նրա մայրը` Անահիտ Մկրտչյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սպառել է բոլոր ներպետական ատյանները և իրենց գործն արդեն Եվրադատարանում է: Տիկին Անահիտի պնդմամբ` «9 քմ տարածքում 5 հոգու ներկայությամբ սպանել են իր որդուն և սպանողը եղել է գումարտակի հրամանատարը՝ արձակուրդից գնալուց 100 դոլարը չտանելու համար»: Նա նշեց. «Մեր սպասելիքը միայն բանակի գլխավոր գերագույն հրամանատարից է: Յոթ ամիս ավելի մենք նախագահի նստավայրի դիմաց ենք, ցանկանում ենք հանդիպում, ոչ մի արձագանք: Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը ի պատասխան նախագահականից հավաստիացրել են, թե հանդիպում եղել է»:

Որդեկորույս մայրերի դեմ բռնությունների վերաբերյալ տիկին Անահիտն ասաց. «Ուրեմն ինչ-որ բանից վախեցել են, որ հարձակվեցին մեզ վրա, քարշ տվեցին դիմացի մայթ: Ես ոչ ճյուղ, ոչ էլ քար եմ ի վիճակի ջարդելու: Ես պահանջում եմ, որ նախագահը մեզ ընդունի: Որդիս հուլիսին կդառնա 36 տարեկան, հիմա ողջ լիներ՝ ինձ վարդի պես կպահեր, ու ես ստիպված չէի լինի պայքարել, որ ինձ էլ նվաստացնեին»:

Տիկին Իրինան վրդովված է, թե «սպանված զինվորի վրա փող են աշխատում»: Հետո էլ անցում կատարեց Սեյրան ՕՀանյանի կնոջ ծաղիկներով նկարներին ու վրդովվեց. «Էդ ինքն ուզում է իր փոքր բալիկները մեծանան, երջանիկ լինեն, բա մենք մեծացրել ենք, մենք էլ էինք ուզում մեր երեխային երջանիկ տեսնել: Ռուզաննա Օհանյանը ամեն բուկետով մի շոր է հագնում, գոնե ինքը այս սևազգեստ մայրերին տեսնի, ասի՝ ամոթ»:

Սևազգեստ մայրերը այնուհետև գնացին խորհրդարան` պատգամավորներին հորդորելու, որ իրենց հարցերը բարձրացնեն դատախազի առաջ: Նրանց մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` խոստանալով, որ անպայման դա կանի:

Այնուհետև սևազգեստ մայրերը շարժվեցին դեպի նախագահի նստավայր: Նրանց ընդունեցին նախագահի աշխատակազմից Աիդա Ասատրյանն ու Ալբերտ Աբգարյանը: Սակայն մայրերը գոհ չէին, քանի որ նրանք հանդիպում էին ցանկանում Սերժ Սարգսյանի հետ: Մինչդեռ նրանց հայտնել են, որ նրանց գործերն ուղարկել են զինդատախազություն, բայց զինդատախազությունում էլ նրանց չեն ընդունել:

Զոհվածների մայրերը կրկին վերադարձան ԱԺ-ի գլխավոր մուտքի մոտ: Այստեղ ոստիկանների հետ միջադեպ տեղի ունեցավ: Ոստիկանները սևազգեստ մայրերին հրեցին` թույլ չտալով մուտք գործել ԱԺ կենտրոնական մուտքից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031