Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աբրահամյան. «Վերջին մի քանի տարիների ընթացքում ոստիկանությունում բարեփոխումներ են կատարվել»

Մայիս 21,2015 16:34

Բաց հասարակության հիմնադրամների մայիսի 21-ին «Խոշտանգումների արդյունավետ քննությունը Հայաստանում. Արդիական խնդիրները եւ միջազգային փորձը» կազմակերպած հանրային քննարկմանը ներկա էին նաեւ ոստիկանության եւ արդարադատության ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը նկատեց, որ քննարկման ընթացքում ասվել են խնդրի թե՛ դրական եւ թե՛ բացասական կողմերը:

Vardan-Sedrakyan

«Չեմ կարող ընդունել, որ կառավարությունը կամ արդարադատության նախարարությունը որեւէ քայլ ինքնուրույն չի անում: Ըստ էության, նման բաժնի ստեղծումն առաջինն է ամբողջ ԵԽ պետություններում: Այդ համապարփակ վճիռների կատարման եւ ներդրման առումով որեւէ օրինակ մենք չունենք, այսօր մենք նույնիսկ մտածում ենք Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ներդնել առանձին կայք, որը լավ կլուսաբանի: Այսինքն՝ քայլեր կան»,- ասաց նա:

Իսկ ոստիկանությունը ներկայացնում էր հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանը: Անդրադառնալով Արտակ Զեյնալյանի կարծիքին, թե ոստիկանության ակադեմիայում քիչ տեղ է հատկացված խոշտանգումների ոլորտին՝ նա ասաց. «Ես միանշանակ համաձայն եմ, որ կրթությունը մեծ նշանակություն ունի: 2013 թվականից սկսած ոստիկանության պետի ցուցումով՝ մեր ակադեմիայում դասավանդվում են խոշտանգումների կանխարգելման մասին դասընթացներ»:

Նա նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոստիկանությունում բարեփոխումներ են կատարվել, որը ըստ նրա նաեւ հասարակական կազմակերպությունների աշխատանքի արդյունքն է. «Բավականին աշխատանք է իրականացվել այդ ուղղությամբ: Եթե մենք ընդունենք, որ 90-ական թվականներից մինչ օրս որեւէ բարեփոխում չի իրականացվել, մի կողմ դնենք ոստիկանության, ուժային կառույցների աշխատանքը, դրանով նաեւ թերագնահատում ենք մեր հասարակական կազմակերպությունների, հասարակական դիտորդական խմբերի, մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031