Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանը՝ Գոհար Ենոքյանի մասին. «Եթե համաձայն չլիներ մեղադրանքի հետ, առնվազն կբողոքարկեր»

Մայիս 21,2015 16:01

Այսօր պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀԷՑ-երի, «Հարավկովկասյան երկաթուղիների» պարտքերի մասին հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որը ներկայացնում էր ԱԺ-ում դատախազության 2014-ի գործունեության մասին հաղորդումը:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ամեն տարի բյուջեից հսկայական միջոցներ են տրամադրվում՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» վնասները փոխհատուցելու համար: 2015-ին արդեն 450 մլն դրամ մենք փոխհատուցում ենք տվել: Նույնը ՀԷՑ-երում է. «Պետական շահերի պահպանման տեսակետից մտածում եմ ինչ-որ ձեւ գտնենք, որ պետությունը ակտիվ դեր ունենա: Չսպասենք, որ ընկերությունը սնանկության եզրին հայտնվի, որ ասեն՝ պետք է գները բարձրացնենք: Ինչպե՞ս կարող ենք այս խնդիրը լուծել: Նախարարն ասում է՝ գողություն է տեղի ունեցել: Գողություն է եղել, գողության փաստերը պետք է ներկայացվի, մարդիկ պատասխան տան, գողացվածն էլ հետ վերադարձվի պետական բյուջե: Ինչպե՞ս կարող ենք այս խնդիրը լուծել»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ դատախազությունը որեւէ լիազորություն չունի, որ միջամտի սակագնային քաղաքականության ձեւավորման մեջ. «Դատախազության դերը այն ժամանակ է, երբ կա արդեն կարգավորման մարմնի հայտնաբերած խախտումներ, անօրինականություններ, վնասներ: Եթե այդ չարաշահումները քրեաիրավական բնույթի են, համապատասխան դատավարական ընթացքով կարող է հարցը լուծվել: Դատախազության միջամտության այլ եղանակ չկա»:

Էդմոն Մարուքյանը խնդրեց պարզապես նախարարի հայտարարությանն ընթացք տալ:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ Կոստանյանին հարց ուղղեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանի ձերբակալության հետ կապված: Նա թվարկեց բոլոր այն պաշտոնները, որոնք զբաղեցրել է տիկին Ենոքյանը, նրա անցյալը ներկայացրեց եւ հարցրեց. «Ի՞նչ հիմքով է նրա համար որպես խափանման միջոց ընտրվել կալանքը: Եվ ի՞նչ հիմքով է մեղադրանք առաջադրվել»:

Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց նաեւ 2015-ի փետրվարի 7-ին Արտակ Խաչատրյանի ծեծը. «Օրը ցերեկով մարդուն առեւանգել են եւ դաժան ծեծի են ենթարկել: Երեւան քաղաքում ամբողջությամբ փողոցներում կան տեսախցիկներ, հնարավոր էր բացահայտել ցանկության դեպքում, որեւէ տեղեկություն ներկայացնել հանրությանը, բայց մինչեւ այս պահին որեւէ տեղեկություններ չկան»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Անձի տարիքը, կյանքի ընթացքում ձեռքբերումները, այդ ամբողջը ընդամենը պատիժը մեղմացնող հանգամանքներ են: Երբ անձը կատարում է հանցագործություն եւ ինքը 73 տարեկան է, լուրջ կենսագրություն ունի եւ առողջական խնդիրներ, դա ընդամենը անձը բնութագրող հատկանիշների շարքին է դասվում, եւ դա պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են»:

Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին, Կոստանյանի խոսքերով, երբ սպանության նախապատրաստման վերաբերյալ հաղորդում է տրվում, համապատասխան ընթացակարգ է սահմանվում, ցուցմունքներ են տրվում. «Երբ խոսք է գնում այնպիսի ծանր հանցագործության մասին, ինչպիսին է սպանության նախապատրաստումը, չի եղել այնպիսի բան, որ անձը չձերբակալվի: Գոհար Ենոքյանը ձերբակալվել է՝ ստանալով կասկածյալի կարգավիճակ: Նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել եւ ստորագրությամբ ազատ են արձակել»:

Թե գործում ինչ ցուցմունքներ կան, ինչ հիմնավորումներ՝ գլխավոր դատախազն ասաց, որ չի պատրաստվում այդ ամենը հրապարակել՝ նախաքննության գաղտնիքով պայմանավորված: Բայց նա շեշտեց, որ եթե Գոհար Ենոքյանը համաձայն չլիներ իրեն առաջադրված մեղադրանքի հետ, առնվազն կբողոքարկեր որոշումը: Բայց բողոք Ենոքյանից դատախազը չի ստացել:

Արտակ Խաչատրյանի հետ կապված էլ նա ասաց, որ միջոցներ ձեռնարկվել են, բայց միշտ չէ, որ գործը բացահայտվում է դրա արդյունքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031