ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության և դրա կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին:
Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրի տնտեսության ներկա վիճակին և նշել, որ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալներով առկա է տնտեսական ակտիվություն: «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք, – ասել է կառավարության ղեկավարը: – Համոզված եմ, որ չորս ամսվա տվյալով լինելու է 2.2-2.3 տոկոս աճ»: Վարչապետն առաջարկել է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու և համոզմունք հայտնել, որ որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողվի և տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու, և համոզմունք հայտնել, որ արձանագրվելու է նվազագույնը 2-3 տոկոս տնտեսական աճ, ինչն ակնհայտ կլինի երկրորդ կիսամյակից:
Նրա խոսքով՝ եթե այն ծրագրերը, որ պլանավորել են, այս տարի իրականացվեն, ապա կառավարությունը կփորձի բյուջեում դրված 4.1 տոկոս տնտեսական աճը միասնական ուժերով ապահովել: «Հասկանալի է, որ կան նաև տարածաշրջանային խնդիրներ, բայց դրանք պատճառ չպետք է դառնան, որ մենք չփորձենք անել առավելագույնը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի մեր երկրում: Սա է մեր մոտեցումը», – եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն