Այսօր մի շարք խրախճանքի օբյեկտներում հարկադրաբար պահվող վայրի կենդանիները պետք է լինեն բնության մեջ, այլ ոչ թե վանդակներում:
Aravot.am-ի հարցին, թե արդյոք կենդանիների իրավունքների ոտնահարում չէ, նրանց բռնի կերպով զվարճանքի օբյեկտներում պահելը, ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Նրա խոսքերով, սա պետք է կարգավորվի օրենսդրությամբ եւ կան համապատասխան մարմիններ, որոնք պետք է զբաղվեն այդ հարցերով:
«Շատ օբյեկտներում արջ, գայլ են պահում փոքր վանդակներում, ոչ սանիտարական պայմաններում ու կողքը մարդիկ գալիս հաց են ուտում»:
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Կենսաբազմազանության միջազգային օրվա առիթով, Կարեն Մանվելյանն ասաց, որ Հայաստանում գործում են մի շարք պահպանվող բնության հատուկ տարածքներ`3 արգելոց՝ «Շիկահող»-ը, «Խոսրովի անտառ»-ը, «Էրեբունի»-ն, եւ 4 ազգային պարկ` «Սեւան», «Դիլիջան», Արեւիկ, «Արփի լիճ»: Պարոն Մանվելյանի տեղեկացմամբ, ծրագրեր կան Տաթեւում էլ ազգային պարկ հիմնելու. «Այն տարածքները, որոնք ընդգրկված չեն հատուկ պահպանության տարածքներում, կհամագործակցենք համայնքների հետ, որպեսզի հնարավոր լինի հողօգտագործումը նպատակային անել»:
Կարդացեք նաև
Հարցին, թե նվազե՞լ է որսագողությունը, Կարեն Մանվելյանն ասաց, որ նախորդ տարիների համեմատությամբ` որսագողերը զգալի պակասել են: Մեր հարցին, թե այլեւս կենդանի չի՞ մնացել որսալու համար, պարոն Մանվելյանն ասաց, որ պարզապես արգելավայրերն ավելի լավ են պահպանվում եւ որսագողերի գործը բարդացել է, չնայած որ փորձեր լինում են. «Ամեն ինչ կախված է կառավարչից, Հայաստանում մարդկային գործոնը մեծ նշանակություն ունի: Որքան էլ փորձում ենք վերահսկել, էլի ծառահատումների եւ որսագողության դեպքեր լինում են»: Ըստ Կարեն Մանվելյանի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում կա հատուկ պահպանվող տարածքների վատ ծածկույթ, ընդամենը 13, 1%:
Անդրադառնալով արջերի ու գայլերի` բնակավայրերի վրա հարձակումներին, պարոն Մանվելյանն ասաց, որ արջը հազվադեպ է մարդու վրա հարձակվում. կամ ձագերին պաշտպանելու կամ վիրավոր լինելու դեպքում: Սակայն գայլերը բնակավայրեր իջնում են կեր հայթայթելու նպատակով եւ քանի որ մարդիկ էլ շատ հաճախ բաց են թողնում կենդանիներին արոտներ առանց հետեւելու կամ գոմերը այնքան էլ ապահով չեն լինում, գայլերը հարձակվում են եւ հոշոտում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ