«Դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպո՞ւմ եք եւ նրանից ցուցումներ ստանո՞ւմ եք ձեր գործունեության իրականացման շրջանակներում: Եթե չեք ստանում եւ չեք ուղղորդվում քաղաքական նկատառումներով, ապա ինչո՞ւ չեք անում այն, ինչ ձեր սահմանադրական պարտականությունն է»,- այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին այսպիսի հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Գեւորգ Կոստանյանը ներկայացնում էր դատախազության 2014-ի գործունեության արդյունքները:
Լեւոն Զուրաբյանն ասաց. «Քրեական հետապնդման հարուցման ձեր բացառիկ լիազորությունը չեք իրագործում այն դեպքերի, չարաշահումների, թալանի ժամանակ, որոնց փաստերով հեղեղված է մամուլը, բայց դատախազությունը որեւէ արձագանք չի տալիս: Օրինակ, «Նաիրիտում» տեղի ունեցած թալանի մասին է խոսքը՝ 30 մլն դոլարի: ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության մասին ոչ միայն Երվանդ Զախարյանի պնդումն է, այլ ժամանակն էլ չի հերիքի, որ մեջբերեմ մամուլում եղած չարաշահումների, թալանի մասին: «Արմավիայի»՝ հարկերը չմուծելու եւ կառավարության անգործության կապակցությամբ»:
Գլխավոր դատախազը պատասխանեց. «ՀՀ նախագահին ես պարբերաբար զեկույցներ եմ ներկայացնում՝ երկրում քրեական դատավարության իրականացման հետ կապված: Միաժամանակ հայտարարում եմ, որ երբեք որեւէ քրգործով կամ որեւէ հարցի հետ կապված ցուցում չեմ ստացել»:
Կարդացեք նաև
Թե ինչպես է դատախազությունն արձագանքում մամուլի հրապարակումներին, թալանին՝ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Եթե մեկն ասում է, որ տեղի է ունեցել գողություն, նրան հրավիրում են հանցագործության մասին հաղորդում տալու: Միայն հաղորդում տալու դեպքում ես, որպես դատախազ, իրավունք ունեմ քրեական հետապնդում իրականացնելու»:
Կոստանյանը բացատրեց, որ երբ Երվանդ Զախարյանը հայտարարում է, որ գողություն է եղել, դա իրենց համար հիմք չէ քրեական հետապնդում սկսելու: Երբ նա իր վերահսկողական գործառույթներով ուսումնասիրություն կանի եւ հիմնավորումներ կներկայացնի, այդ ժամանակ իրենք քրեաիրավական ընթացակարգով կփորձեն ընթացք տալ. «Ինքնուրույնաբար մենք նման ստուգումներ, ուսումնասիրություններ անելու լիազորություններ չունենք: Դրա համար մենք քրգործ հարուցում ենք պատկան մարմինների կատարած ստուգումների արդյունքում»:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա քրգործ հարուցելուն, Գեւորգ Կոստանյանը մանրակրկիտ բացատրեց՝ վստահեցնելով, որ ԶԼՄ-ներով մարդիկ սարսափելի դեպքեր են պատմում, հանցագործությունների մասին են խոսում, իսկ երբ հրավիրում են տվյալ մարդուն հաղորդում տալու՝ հրաժարվում է. «Կարող է եղել է նման բան, ինքը հրաժարվում է, կարող է չի եղել: Շատ լավ կլիներ, որ ով որտեղ ինչ լսի՝ դիտենք, որպես հանցագործության մասին հաղորդում եւ սկսենք քրեական գործեր: Բայց ամեն մեկը, ով գալիս ասում է հանցագործություն արեց մեկը, ինքն էլ պատասխանատվության զգացում պետք է ունենա, ոչ թե հայտարարի միայն»:
Լեւոն Զուրաբյանը նաեւ ասաց, որ որոշ պաշտոնյաներ հայտարարագրել են այնպիսի ունեցվածք, որը չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, ՀԱԿ-ը Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված է տեղեկանք ներկայացրել դատախազությանը եւ ոչ մի քայլ չի արվել:
Ըստ Գեւորգ Կոստանյանի, հայտարարագրած ունեցվածքի եւ կատարած ծախսերի անհամապատասխանությունը դեռեւս չի խոսում հանցագործության մասին:
Լեւոն Զուրաբյանն արձագանքեց՝ 10 միլիոնի մասին է խոսքը: Գեւորգ Կոստանյանն էլ պատասխանեց, որ 1 դրամ լինի, թե 10 մլն, քրեական գործ հարուցելու հիմք չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ