Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող եմ իրավաբանական այնպիսի տերմիններով խոսել, որ մի քանի օր ման գաք, թե ես ինչ ասեցի». Կոստանյանը՝ ՀԱԿ պատգամավորին

Մայիս 21,2015 15:19

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ԱԺ-ում ներկայացնում էր դատախազության 2014-ի գործունեության մասին հաղորդումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Գեւորգ Կոստանյանին հիշեցրեց, որ նա քրգործեր էր հարուցել դատախազների, որոշ քննիչների նկատմամբ, ինչը մեծ արձագանք էր ստացել հասարակության շրջանում: Նա հարցրեց՝ «Այդ գործերից քանի՞սն են կարճվել, քանի՞սն են ուղարկվել դատարան եւ ի վերջո՝ որեւէ քննիչ կամ դատախազ ենթարկվե՞լ է պատասխանատվության: Ինչո՞ւ այդ անունները չեն հնչում, որ իմանանք, թե որ քննիչը կամ դատախազն է պատժվել»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ բազմաթիվ քննիչներ եւ դատախազներ են ենթարկվել քրեաիրավական պատասխանատվության, որի մասին հաշվետվության մեջ ներկայացրել է. «Քրգործ հարուցելը դեռեւս չի նշանակում, որ անձը հանցագործություն է կատարել եւ մեղավոր է: Ինչ վերաբերում է անուններ հրապարակելուն, ես չեմ պատրաստվում անուններ հրապարակել»:

Լյուդմիլա Սարգսյանի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Կոստանյանը թեկնածուական թեզ է պաշտպանում. «Ոչ մի հարցի չեք պատասխանում: Դատախազությունը կարծես մի հատ մեծ տակառ է, կիսով չափ ջրով լցված, որտեղ թաղվում են այն գործերը, որոնք այլեւս երբեք պիտի ջրի երես դուրս չգան: Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը: Արդարադատության համակարգում այս մթնոլորտն է»:

Գեւորգ Կոստանյանն էլ ասաց, որ վաղուց է գիտությունների թեկնածու. «Կարող եմ իրավաբանական այնպիսի տերմիններով խոսել, որ մի քանի օր ման գաք, թե ես ինչ ասեցի: Փորձում եմ այնպես խոսել, որ մաքսիմալ հասկանալի լինի ժողովրդին ու ձեզ: Ես պատասխանում եմ, ո՞վ է ասում, որ իմ ամեն մի պատասխանը պիտի լինի՝ ես էս էի ուզում, էս էլ պատասխանեց: Իսկ դատարանը տակառ է ասելու որեւէ հիմք չունեք: Ես ասեկոսեներ չեմ մեկնաբանում: Եթե ունեք փաստ՝ ասեք, քննարկենք»,- հակադարձեց նա պատգամավորին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031