Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյա՞նն է ստում, թե՞ Գեւորգ Կոստանյանը. հնարավոր է ՎՊ-ի պաշտոնյաներին մեղադրեն

Մայիս 21,2015 14:55

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ԱԺ-ում ներկայացնում էր դատախազության 2014-ի գործունեության մասին հաղորդումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դիմեց Գեւորգ Կոստանյանին՝ արտահայտելով իր վրդովմունքը. «Դուք 2 տարի է՝ գալիս եք այստեղ՝ իբր զեկույց ներկայացնելու, բայց, ըստ էության, ոչինչ չենք լսում: Նայում ենք ձեր կայքը, այնտեղ չոր թվերից բացի, ոչինչ չկա: Ամենահետաքրքիրը՝ ամեն անգամ փաստում եք առաջընթացի, ձեռքբերումների մասին եւ միաժամանակ հայտարարում եք, որ դա մեզ համար տեսանելի չէ: Շատ հետաքրքիր է, այդ ի՞նչ առաջընթաց է, որ ոչինչ չենք տեսնում եւ մեր հանրային կյանքում էլ ոչինչ չի փոխվում: Եթե նույնիսկ չգաք, ոչինչ չներկայացնեք, ոչինչ չի փոխվի մեր կյանքում»:

Տիկին Սարգսյանն ասաց, որ Կոստանյանը խուսափում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացահայտած հանցագործությունների վերաբերյալ որեւէ հարցադրումից. «Դա տաբու է իշխանության մեջ եւ որեւէ մեկը կարծես իրավունք չունի այդ հարցը բարձրացնել»:

Գեւորգ Կոստանյանը հայտարարել էր, որ որեւէ փաստաթուղթ Իշխան Զաքարյանից իրենց բացահայտումների վերաբերյալ չի ստացել: Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ Իշխան Զաքարյանն էլ հայտարարում է, որ ուղարկել է: Հիմա ձեզնից մեկը հաստատ անկեղծ չի: Կուզեի իմանալ՝ ձեզնից ո՞վ է իրականում չեմ ուզում ասել ստում, այլ՝ կեղծում է իրականությունը: Եթե նույնիսկ Իշխան Զաքարյանը ոչինչ չի ներկայացրել, բայց հայտարարություն է եղել հանցագործության վերաբերյալ, այն էլ՝ 700 մլրդ-ի, դատախազությունն ինչ-որ բան պիտի անե՞ր, որպեսզի հանցագործությունը բացահայտվեր եւ այդ միջոցները վերադարձվեին բյուջե եւ գոնե ժողովրդի մի ցավը կարողանայիք դարմանել»:

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ իր զեկույցը նախապես ուղարկել է ԱԺ, այնտեղ կան բազմաթիվ թվեր եւ փաստեր: Անտեսանելի առաջընթացի մասով էլ նա ասաց, որ միայն Մարտի 1-ի գործին էր առնչվում իր ասածը:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի բացահայտումներին՝ Գեւորգ Կոստանյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ ոչ մի փաստաթուղթ ՎՊ-ից չի ստացել. «Բայց դա չի նշանակում, որ դատախազությունն անգործություն է ցուցաբերում: Ես իմ անձնական հանձնարարությամբ ե՛ւ 2012-ի, ե՛ւ 2013-ի հաշվետվությունների փաստով, ոչ թե խախտումների փաստով առանձին-առանձին, այլ ամբողջ հաշվետվությունների փաստով հարուցել եմ 2 քրգործեր: Քննության ընթացքում է Քննչական կոմիտեում: 2 հաշվետվությունների հիման վրա 2 մաս է առանձնացվել՝ հավելագրված ծախսեր եւ չկատարված աշխատանք եւ անորակ կատարված աշխատանք: ՎՊ հաշվետվության մեջ տեղ գտած բոլոր խախտումները բաժանվել են 3 խմբերի եւ իրականացվում է ամբողջական քննություն: 2012-ի հաշվետվությունից առանձնացվել են յուրացման, խարդախության 20 էպիզոդներ, եւ առանձին-առանձին քննություն է իրականացվում: Կիմանանք, թե ինչքանով է այն հիմնավորված»:

Գեւորգ Կոստանյանը նաեւ հայտարարեց, որ եթե պարզեն, որ հաշվետվության մեջ կան մասեր, որոնք հիմնավոր չեն, արդեն քննարկման առարկա են դարձնելու ՎՊ-ի համապատասխան պաշտոնյաների կողմից պաշտոնական անգործության, պաշտոնեական դիրքի չարաշահումների կամ անփութության հետ կապված հարցերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031