Մայիսի 20-ին Ռումինիայի Հին քարտեզների և գրքերի ազգային թանգարանում տեղի ունեցավ «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսի պաշտոնական բացումը և Ռուբեն Գալիչյանի նույնանուն տեղեկագրքի ներկայացումը: Միջոցառումը կազմակերպել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի Հին քարտեզների և գրքերի ազգային թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Շնորհանդեսին ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի ԱԳՆ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
«Ռուբեն Գալիչյանը կատարել է խիստ օգտակար մի գործ` ի մի հավաքելով Հայաստանի պատմական քարտեզների այս փունջը, որը պատկերացում է տալիս հայ ժողովրդի անցած ուղու և մաքառումների մասին անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը, ուր, ընկնելով և հառնելով, այսօր նա ծվարել է իր հայրենի մի կտոր հողի վրա` ցուցաբերելով կենսասիրության և արարման աննկուն կամք», – բացման խոսքում նշեց դեսպան Գասպարյանը:
«Հայաստանի պատմությունը քարտեզներով» երկշաբաթյա ցուցադրությունը մեկնարկել էր մայիսի 16-ին` Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում` նույն գիշերն ունենալով ավելի քան 700 այցելու:
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարություն