Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը զարմացավ՝ «Ի՞նչ գործ ունեք Ռուսաստանի հետ»

Մայիս 21,2015 14:37

Այսօր կառավարության նիստին Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ ծրագրում ներկայացված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ ԿԲ-ի գնահատականներն, ընդհանուր առմամբ, համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին:

Միրումյանի խոսքերով՝ առաջին եռամսյակի գնաճը համընկել է կանխատեսված ցուցանիշներին. եզրակացության մեջ «Արտաքին միջավայր» բաժնի «ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճեր» ենթաբաժնում, ներկայացված է, որ Ռուսաստանում 2014-ի վերջին եւ այս տարվա սկզբին արձանագրված էական տնտեսական տատանողականության արդյունքում 2015-ին ակնկալվում է տնտեսական անկում, ինչը կկազմի շուրջ 2.0%:

Այս 2% անկման մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսելուց հետո զարմացած հարցրեց, թե այդ ի՞նչ 2% անկում է, ինչո՞ւ են նման բան գրել: Վարչապետի այս հարցին Միրումյանն, ըստ էության չկարողացավ պատասխանել: Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ տնտեսական անկման ակնկալիքները չեն իրականանա: Վարչապետը նույնիսկ մտածեց, որ գուցե տեղեկանքն է սխալ:

«Հիմա ես համոզված եմ, որ 2-3 % տնտեսական աճ ունենք 4 ամսով եւ դատարկ խոսակցություններին պիտի վերջ տրվի: Որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ ուզում են, որ կառավարությունը ձախողվի, տնտեսական անկում լինի, ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, եւ մենք արձանագրելու ենք տնտեսական աճ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ըստ վարչապետի, տնտեսական աճի մասին են վկայում են այս ամիսների ընթացքում իրականացվող ծրագրերն ու հաշվարկները:

Ընդ որում, Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ այս տարի միջնաժամկետով կանխատեսել են 1% տնտեսական աճ, բայց նաեւ վստահություն հայտնեց, որ տնտեսական աճը 1%-ից էլ ավելին է լինելու՝ 2-3%. «Եթե այն ծրագրերը, որ պլանավորել ենք այս տարի իրականացնելու, ես համոզված եմ, որ մեր բյուջեում դրված 4.1% տնտեսական աճը փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ թվերն ապահովենք: Հասկանալի է, որ կան տարածաշրջանային պրոբլեմներ, բայց դա հիմք չէ, որ մենք չփորձենք ամեն ինչ անել, որ տնտեսական աճ արձանագրենք մեր երկրում: Սա է մեր մոտեցումը»:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ ասաց, որ եզրակացության մեջ նշված է նաեւ, որ 2015-ին Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված կանխատեսումները բացասական են, գտնվում են -3%-ից -5.5% միջակայքում. «Նման պարագայում, չնայած առկա են տնտեսական աճի բարձր լինելու ռիսկեր՝ հատկապես գյուղատնտեսության զարգացումների հետ կապված, այնուամենայնիվ, գտնում ենք, որ արտաքին աշխարհի կողմից տնտեսական աճի նվազման ռիսկերը գերակշռում են»:

Վարչապետի համար անհասկանալի էր, թե ի՞նչ կապ ունի Ռուսաստանի տնտեսության այդ իրավիճակը Հայաստանի հետ. Աբրահամյանը հետաքրքրվեց՝ թե ի՞նչ գործ ունեն Ռուսաստանի հետ: Վաչե Գաբրիելյանը փորձեց բացատրել, որ ՌԴ-ի տնտեսությունում զարգացումներն անմիջական ազդեցություն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Հովիկ Աբրահամյանն էլ, պնդեց՝ «Ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անել ցանկալի արդյունքի հասնելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031