Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. Խոշտանգման զոհերի՝ քրեական դատավարությանն արդյունավետ մասնակցության հետ կապված խնդիրներ ունենք

Մայիս 21,2015 14:12

Հայկ Ալումյանի խոսքերով՝ դա նաեւ հանգեցնում է գործի քննության օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության պահանջի խախտմանը

«Եթե խոսում ենք խոշտանգումների վերաբերյալ հաղորդումների մասին, ապա պետք է կատարվի անհապաղ քննություն»,- մայիսի 21-ին Բաց հասարակության հիմնադրամների կազմակերպած հանրային քննարկման ընթացքում հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Հանրային քննարկման թեման էր «Խոշտանգումների արդյունավետ քննությունը Հայաստանում. Արդիական խնդիրները եւ միջազգային փորձը»:

Հայկ Ալումյանը նկատեց, թե չնայած այն հանգամանքին, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է տասնօրյա ժամկետում որոշել գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու հայցը, բայց Հայաստանում այն ոչ միշտ է անհապաղ կատարվում. «Գործնականում մենք այստեղ ունենք խնդիրներ: Քննությունն ընդհանրապես եւ խոշտանգումների քննությունը մասնավորապես անհապաղ չի սկսվում, եւ մեր գնահատմամբ՝ այս չափանիշին չի համապատասխանում»:

Եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչը, թե քննության իրականացման համար պատասխանատու կամ հետաքննությունը իրականացնող անձը պետք է անկախ լինի մեղադրվող պաշտոնատար անձից կամ մարմնից, Հայկ Ալումյանը կարծում է, որ պահպանվում է. «Մեր խմբի մեջ տարբեր կարծիքներ կան, բայց անձամբ իմ գնահատմամբ, այո՛, այսօր Հատուկ քննչական ծառայությունը կարող է համարվել անկախ մարմին»:

Փաստաբանի խոսքերով՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության պահանջը շատ գործերով չի իրականացվում եւ խախտվում է. «Իմ կարծիքով՝ մենք լուրջ խնդիրներ ունենք զոհերի՝ խոշտանգումներից տուժած անձանց արդյունավետ մասնակցության հետ կապված: Ամբողջ նախաքննության ընթացքում, ըստ մեր քրեական օրենսգրքի, տուժողները զրկված են գործի նյութերի մասին սպառիչ տեղեկություն ունենալու հնարավորությունից: Ինչպես գիտենք, նախաքննության ընթացքում տուժողներն ընդամենը մի քանի դատավարական փաստաթղթերի ծանոթանալու հնարավորություն ունեն՝ առաջադրված մեղադրանքին, փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին, փորձագետների եզրակացություններին: Սա հնարավորություն չի տալիս, որպեսզի խոշտանգման զոհերն արդյունավետորեն մասնակցեն քրեական դատավարությանը, սա նաեւ հանգեցնում է գործի քննության օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության պահանջի խախտմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031