Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի ու ոստիկանություն տարվելու մասին

Մայիս 21,2015 13:57

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը, որ երեկ իրեն ոստիկանություն են հրավիրել՝ հարցաքննելու: Մեր հարցին, թե ինչ հիմնավորմամբ են տարել ոստիկանություն, ասաց՝ մամուլում իր վերջին հրապարակումների հետ կապված: Նա վստահեցրեց, որ մահափորձի կասկածյալ չէ, որովհետեւ դեպքի ժամին ինքն իր աշխատավայրում է եղել ու կան ականատեսներ:

Անդրադառնալով իր աղմկահարույց հարցազրույցին, որտեղ ասել էր՝ «խելքդ գլուխդ հավաքի, Լիսկա», նա պարզաբանեց. «Այդ հարցազրույցը եղել է այն ժամանակ, երբ Հարութին նոր վիրահատել էին, սաղս էմոցիաների տակ էինք, հուզված, երբ առաջին անգամ իմացանք, որ նրա տեսողությունն այլեւս չի վերականգնվի, ասել եմ՝ այս գործով հետամուտ ենք լինելու, եթե պարզվի, որ ինքը, իր որդին կամ հարազատները մասնակից են՝ պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ: Իմ ասածը համատեքստից կտրված են ներկայացրել, սարքել սենսացիա: Իմ նատուրայի մեջ չկա, ես օրենքով ապրող մարդ եմ»:

Մեր հարցին, թե փորձը ինչ է ցույց տալիս, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվո՞ւմ են, պարոն Կարապետյանն ասաց. «Ոչ թե վախենում եմ կարծիք ասելուց, այլ ցանկացած ասածս սուբյեկտիվ է ընկալվում: Նորից իմ ասածը չլինի վերլուծական, միայն ասեմ, որ բոլոր անցած դեպքերը թողնում ենք մի կողմ, եթե անդրադառնանք մայիսի 2-ի դեպքին, այդ ողբերգությանը, որ կատարվեց իմ հարազատ ընկերոջ ընտանիքում, ասեմ, որ հետամուտ ենք լինելու ու ավելի քան վստահ ենք, որ այս անգամ իրավական պատասխան ստանալու են բոլոր նրանք, որոնք ընկերոջս աչքը հասցրին այդ վիճակին: Մենք անելու ենք հնարավորն ու անհնարը: Այս պահի դրությամբ որեւէ կասկած չունեմ, որ նախաքննությունը ճիշտ չի գնում»:

Նա ասաց, որ լրատվամիջոցներից է տեղեկացել կրակոցների մասին, մեր հարցին՝ հնարավո՞ր է սա վրեժխնդրություն էր Հարություն Զաքարյանի հետ կատարվածի համար կամ սարքած մահափորձ, նա պատասխանեց. «Վստահաբար ասում եմ, որ վրեժխնդրության վարկածը հերքում եմ, չի կարող դա լինել, վրեժխնդրություն կլիներ այն դեպքում, եթե տուժածները իրավապահ համակարգում չստանային իրենց հուզող հարցերի պատասխանները: Բայց այս պարագայում, այս գործի շրջանակներում տուժողի ընտանիքը բոլոր ձեւերով համագործակցում է իրավապահ համակարգի հետ: Այսինքն` այստեղ տրամաբանություն չկա»:

Իսկ սարքած մահափորձի վարկածի վերաբերյալ ասաց, որ որեւէ վարկած հերքելու կամ հաստատելու ոչ իրավասություն, ոչ ցանկություն, ոչ էլ տեղեկություն ունի: Ասաց՝ կարծում է՝ բոլոր վարկածներն իրավունք ունեն ապրելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031