Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պատվիրակները փորձել են խոչընդոտել ՆԱՏՕ-ի «Ռուուզ-Ռոուդ» սեմինարի անցկացումը Երեւանում

Մայիս 21,2015 13:42

Մայիսի 15-18-ը Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ, վեհաժողովի նախագահ Մարկ Թյորները փորձել է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ եռակողմ հանդիպում կազմակերպել: Հայ պատվիրակներին առաջարկվել է, թեեւ օրակարգ չի ներկայացվել: Մերոնք համաձայնել են մասնակցել, քանզի ամեն դեպքում, հետաքրքիր են համարել մոտեցումները իմանալ: Ադրբեջանցիները հրաժարվել են հանդիպումից: Հանդիպումը կայացել է երկկողմ ձեւաչափով`ՀՀ- ՆԱՏՕ:

Հիշեցնենք, որ համաժողովին հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին Կորյուն Նահապետյանը, Թեւան Պողոսյանը եւ Էլինար Վարդանյանը:

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը մի քանի մանրամասներ պատմեց: Լատվիայի պատվիրակը մերոնց տեղեկացրել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը շրջանառության մեջ է դնելու մի նախագիծ, որպեսզի Երեւանում եկող ամիս կայանալիք ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոուդ» սեմինարի անցկացումը խոչընդոտվի: Մինչդեռ անցած տարի Բաքվում կայացած սեմինարին, հայաստանյան պատվիրակությունը մասնակցեց: Հայ պատվիրակները ենթադրել են, որ եռակողմ հանդիպման ժամանակ այդ հարցն էլ կարծարծվի: Բայց, ինչպես վերջին պահին մերոնք տեղեկացվել են, ադրբեջանցիները հրաժարվել էին հանդիպումից:

ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոուդ» սեմինարը Երեւանում կայանալու է հունիսի 18-26-ը: Թեւան Պողոսյանը տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ի անդամ 14 երկրներից եւ ասոցացված անդամ 5 երկրներից 60 մասնակիցներ հաստատել են մասնակցությունը: Տարածաշրջանի համար դա աննախադեպ է որակվում: «Կկարողանանք շեշտել, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ ՀՀ-ն վստահելի գործընկեր է»,- ասաց Թեւան Պողոսյանը: Սեմինարի օրակարգը պատրաստ է, ներառված են հարցեր, որոնք միայն տարածաշրջանին չեն վերաբերվում, այլ աշխարհաքաղաքական`իսլամական պետության գործունեությունը, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանում փակ սահմաններին եւ այլն:

ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն, անդրադառնալով բրյուսելյան քննարկումներին, նշեց, որ բոլոր շեշտադրումները եղել են ընդդեմ ՌԴ-ի ու հակառուսական տրամադրվածությունն ակնհայտ էր: «Անկախ ամենից, մենք կարողացել ենք ակտիվ աշխատել»,- ասաց պատգամավորը:

Հայ պատվիրակները հնարավորություն են ունեցել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին հարցեր տալու: Թեւան Պողոսյանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ապագայով, Կորյուն Նահապետյանը` Իրանի շուրջ համաձայնությունների, Հայաստանի դերակատարման մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը խոչընդոտ չէ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների համար:

Վեհաժողովում փաստաթուղթ է ընդունվել ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին, մասնավորաբար, Վրաստանի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցոգովինայի մասով: 2015 Մոնտենեգրոն կանդամակցի ՆԱՏՕ-ին: Վրաստանի անդամակցության ծրագրի հետ կապված դեռ խնդիրներ կան, ակնկալվում է, որ 2016 թվականին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հստակություն կմտնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031