Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցեր ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որը ներկայացնում էր ԱԺ-ում դատախազության 2014-ի գործունեության մասին հաղորդումը:
Նա դատախազին որոշ բաներ հիշեցրեց. «2013-ի հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում գլխավոր դատախազի ձեր թեկնածության ժամանակ ես բարձրաձայնեցի կոնկրետ փաստեր, որոնք վկայում են, որ դուք, լինելով զինդատախազ եւ վերահսկելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի նախաքննությունը, շրջանցել, կոծկել կամ չնկատելու եք տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սուրիկ Խաչատրյանը: Այն ժամանակ ձեր եզրափակիչ ելույթում դուք այդ փաստերին չանդրադարձաք, միայն ասացիք, որ այդ կապակցությամբ պատրաստ եք հրապարակային քննարկման: Ես ընդունեցի հրապարակային քննարկման ձեր հրավերը՝ առաջարկելով այն անցկացնել ուղիղ եթերում: Հետո դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե հրապարակային քննարկում ասելով նկատի ունեք ոչ թե հրապարակային քննարկում, այլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման չգիտեմ որ պարբերության որ կետը, ըստ որի, հրապարակային քննարկում է նաեւ այն քննարկումը, որին մասնակցում են 3 հոգի՝ ինչ-որ կաբինետում փակված: Ասացիք նաեւ, որ հրապարակային քննարկում լինում է նաեւ հաղորդագրություններով՝ հեռակա: Բայց եթե նույնիսկ այս ֆորմատն ընդունենք ի գիտություն, մինչ օրս իմ բերած փաստերը հերքող ոչ մի փաստ չեք բերել»:
Նիկոլ Փաշինյանը պնդեց 2013-ի հոկտեմբերի 1-ի իր ելույթի բոլոր դրույթները եւ պատասխան պահանջեց. «Եթե ունեք փաստեր, բերեք, եթե չէ, ուրեմն պիտի հրաժարական տաք: Ընդ որում, սա ոչ թե 2 տարի առաջվա բանավեճը հանգուցալուծելու քմահաճույք է, այլ ընթացիկ իրավիճակից բխող շեշտադրում: Վերը նշված գործողություններով՝ դուք անձնական պատասխանատվություն եք կրում այն ամենի համար, ինչ 2 տարվա ընթացքում տեղի է ունենում Սյունիքում՝ ներառյալ Սդղի գյոլի միջադեպը եւ երեկվա կրակոցները»:
Նիկոլ Փաշինյանը դատապարտեց երեկ հնչած կրակոցների միջադեպը՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը:
Կարդացեք նաև
Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ հիմա էլ պատրաստակամ է հրապարակային քննարկման. «Բայց հրապարակայնությունը չի ենթադրում ձեր կողմից նշված պայմաններով, ձեր կողմից նշված վայրում քննարկման փաստը: Ես հոկտեմբերի 1-ին էլ, թե դրանից հետո հաղորդագրություններում ասացի, որ պատրաստ եմ ԶԼՄ-ների ներկայությամբ հրապարակային քննարկման: Հիմա էլ վերահաստատում եմ ու միշտ էլ վերահաստատել եմ: Իսկ ձեր տեսակետից, հրապարակայնությունը ենթադրում է կոնկրետ վայր, ժամանակ: Հրապարակայնությունը նույնպես իրավական կատեգորիա է, դրա համար հիմնավորում ենք իրավական կողմով՝ Վճռաբեկ դատարանի դատավճռով, մի դեպքում՝ Եվրոպական դատարանի եւ այլն: Ես իմ ամեն մի բառը իրավական տեսակետից կարող եմ հիմնավորել եւ հիմնավորում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ