Երեկ շատ հետաքրքիր տեղեկություն էր հաղորդել Aravot.am-ը այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հերթական անգամ հայտնվել է հրդեհային իրավիճակում։
Ըստ այդմ, մի քանի օր առաջ, երբ պատգամավորը մեկնել է պորտուգալական Պորտո քաղաք՝ մասնակցելու մայիսի 14-16-ը ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարին, Հռոմի օդանավակայան մուտք գործելով՝ հայ պատգամավորին եւ մյուս ուղեւորներին տեղափոխել են այլ տերմինալ՝ պատճառաբանելով, թե դա պայմանավորված է մի քանի օր առաջ օդանավակայանում բռնկված հրդեհով։
Նախ, պետք է հիանալ մյուս ուղեւորների խիզախությամբ, որոնք՝ իմանալով, որ Կարեն Ավագյանի հետ միասին նույն ինքնաթիռով են թռչում, ոչ միայն տոմսերը ետ չեն տվել, այլեւ մի բան էլ շարունակել են ճանապարհը։
Երկրորդը. ժամանակին գրել էինք, որ Հայաստանում արձանագրվող հրդեհներով կարելի է իմանալ, թե Կարեն Ավագյանը որտեղ է լինում եւ որ ժամերին։ Բայց որ պատգամավորի հրդեհածին էներգիան արդեն Հռոմ է հասել, դա արդեն նրա մոգական ունակությանը աշխարհաքաղաքական երանգներ է տալիս։
Կարդացեք նաև
Եզրակացություն. Կարեն Ավագյանին պետք է նշանակել ՀՀ արտգործնախարար եւ ղարաբադյան բանակցությունների հիմնական բանակցող։ Թող գնա ու ադրբեջանցիների հետ հանդիպի։ Բնականաբար, ադրբեջանցիները հնարավորինս կխուսափեն նրա հետ հանդիպել, հենց որ իմանան, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ Առանց այդ էլ, Բաքվի հրդեհի ազդեցության տակ են։ Բանակցությունների չեն գա, եւ աշխարհը նրանց կդատապարտի։
Այդ ընթացքում Կարեն Ավագյանը կշարունակի իր դիվանագիտական այցերով լինել աշխարհի տարբեր երկրներում՝ բացառությամբ Ռուսաստանի եւ Գերմանիայի, քանի որ այնտեղ Կրեմլն ու Ռայխստագը արդեն այնքան անգամ են կրակի ճարակ դարձել, որ չեն ցանկանա ավելորդ ռիսկի դիմել:
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում