ԱԺ-ում շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ դատախազության 2014-ի գործունեության հաշվետվության քննարկումը:
Նա խոսեց բարոյականության իր չափանիշների մասին, ուստի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսպիսի դիտարկում արեց՝ ՀՀ-ում եւ առհասարակ այլուր՝ արդարացի զայրույթ եւ բողոք ներկայացնող կնոջը վերցնել՝ բառի բուն իմաստով, եւ տեղափոխել մյուս մայթ՝ բարոյականության շրջանակի մեջ չէ: Իրավապահ մարմինը պիտի նման դեպքերում ավելի շատ դիվանագիտություն կամ այլ մեթոդներ կիրառի, ոչ թե ֆիզիկական ուժով մարդուն վերցնի եւ տեղափոխի»:
Երեկ Գեւորգ Կոստանյանը զգուշացրել էր պատգամավորներին, որ չի պատրաստվում քննարկել որեւէ հարց քաղաքական հարթության վրա եւ չի պատրաստվում քննարկել քրեական գործերը: Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այնուամենայնիվ, Դուք հիմա գտնվում եք երկրի թիվ 1 քաղաքական մարմնում եւ այստեղ ներկա բոլոր մարդիկ նախեւառաջ քաղաքական դեմքեր են: Դուք շատ եք լսելու քաղաքական պրիզմայից ելնող հարցադրումներ»:
Գեւորգ Կոստանյանն ասաց. «Իհարկե, դուք բոլորդ քաղաքական գործիչներ եք: Ես քաղաքական գործիչ չեմ: Եվ ձեր որեւէ քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերին չեմ կարող պատասխանել քաղաքական տեսակետից»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ քաղաքական հարցադրումներին կպատասխանի իրավական տեսակետից:
Տիգրան Ուրիխանյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց Վերահսկիչ պալատի բացահայտումներից: Գեւորգ Կոստանյանը հայտարարեց. «ՎՊ-ի ուսումնասիրությունները հիմք են՝ քրեաիրավական ընթացակարգ սկսելու համար: ՎՊ-ից որեւէ փաստաթուղթ դեռ չեմ ստացել՝ որեւէ հարցի հետ կապված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ