«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության դեմ պայքարի համար ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ: Այսօր՝ մայիսի 21-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այդ թեմայի շուրջ խոսեցին «Ազգային արժեքների պահպանման» ճակատ հկ-ի նախագահ Սեւան Աղաջանյանը, Հայ-Ռուսական միավորում իրավապաշտպան հկ-ի խորհրդի նախագահ Տիգրան Էմիրյանը, Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը: Վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել եւ տուգանք է սահմանվել երկու անգամ 30 000-ական դրամի չափով: Բանախոսները պատմեցին, որ իրենց մեղադրում են Շիրվանզադեի դպրոցի դիմաց Եհովայի վկաների պաստառի առաջ խունկ վառելու համար:
Սեւան Աղաջանյանը նշեց, որ ոստիկանության գործողությունները ոչինչ չեն տալու, իրենք էլ իրենց հերթին են շարունակելու իրենց գործողությունները: «Ինձ կանչել են որպես վկա, բայց չեմ ներկայանալու, թող ինձ դատեն իմ քրիստոնյա լինելու համար»,-հայտարարեց «Ազգային արժեքների պահպանման» ճակատ հկ-ի նախագահը:
Ռոբերտ Ահարոնյանը եւս չի պատրաստվում ներկայանալ. «Ես հենց հիմա օֆիցիալ հայտարարում եմ, որ չեմ ներկայանալու ոստիկանության բաժին, թող ինձ դատեն, բերման ենթարկեն, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ եմ»:
Տիգրան Էմիրյանն էլ հեգնեց. «Ինձ թվում է, որ բոլորը տներում շաբաթը մեկ-երկու անգամ խունկ են վառում, գուցե մարդկանց դատե՞ն դրա համար կամ խունկի վաճառքը արգելե՞ն»:
Կարդացեք նաև
Սեւան Աղաջանյանը տարակուսած է. «Ես թշնամանք չեմ սերմանում, ուղղակի իմ կարծիքն եմ հայտնում: Ես ունեմ խոսքի ազատության իրավունք, ինչը անում եմ ֆեյսբուքյան էջում, մամուլի ասուլիսների ձեւով» Նա փաստեց, որ իրենց պայքարի արդյունքում է, որ իր ձեւակերպմամբ, արհեստածին հավատքների ներկայացուցիչները այլեւս չեն քարոզում Էրեբունի համայնքում եւ Կոմիտասում:
Անդրադառնալով երկու անգամ 30 000 դրամով տուգանվելուն, Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեց, որ չի պատրաստվում վճարել. «Թող հարկադիր կատարողները գան եւ մեր տնից սառնարան հանեն, ինչ է թե ես քրիստոնյա եմ, ես էլ կպաշտպանեմ այդ սառնարանը: Ի դեպ, ինքս կոմունիստ լինելով խոսում եմ Հայ Առաքելական եկեղեցու մասին, որովհետեւ ինձ համար կարեւորը հայ ժողովրդի միասնականությունն է: Կոմունիստ լինելով՝ գնում եմ եկեղեցի, մոմ եմ վառում, ես կողմնակից եմ հայ ազգի միասնությանը, մինչդեռ Եհովայի վկաները եւ մյուս կրոնները պառակտում են մեր երկիրը: Եհովայի վկաները 16 000 հետեւորդ ունի, դա ցանկացած կուսակցությունից մեծ թիվ է, թող մեր ԱԱԾ-ն մտածի, թե ինչ ենք անելու վաղը, եթե նրանք ընտրությունների ժամանակ թեկնածու առաջադրեն»:
Մանրամասներն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ