Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամուտի գյուղապետը դժգոհում է, թե ինչո՞ւ չի բացահայտվում բացահայտված գործը

Մայիս 21,2015 10:57

2015թ. ապրիլի լույս 20-ի գիշերը Իջեւանի տարածաշրջանի  Ազատամուտ գյուղում, ճանապարհի եզրին գտնվող խանութից գողացել են 45 հազար դոլարի ավտոպահեստամասեր: Այդ խանութը թեեւ գրանցված է Դավիթ Ղալթախչյանի անունով, սակայն փաստացի պատկանում է Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանին: Վերջինս հայտնեց, որ գողացել են իր 18 հոգանոց ընտանիքի ապրուստը, իր եւ իր 3 տղաների տարիների վաստակի արդյունքը: Գողությունը կատարվել է գիշերվա ժամը 1-4-ը, գողերը գողոնը բարձել են «Ֆորդ» մակնիշի մեքենային եւ տարել Աչաջուր:

Գյուղապետն ասաց, որ հանցագործները գործել են շատ մանրակրկիտ, արտասահմանյան թանկարժեք ավտոպահեստամասերը ջոկելով, խանութում թողել ոչ արժեքավոր ռետինե պահեստամասեր: Նրա վկայությամբ՝ գողությունից 3 օր ավտոպահեստամասերի խանութի աշխատող Ա. Փ.-ն սեւացած տեսքով մոտեցել է իրեն եւ խոստովանել, որ ինքը մասնակից է եղել գողությանը: Նա ասել է, որ գողերը օրերով հետեւել են խանութին, գյուղապետի ընտանիքի անդամների տեղաշարժին: Ա. Փ.-ն հայտնել է,որ գործել է 7 հոգանոց հանցագործ խումբ,դրա անդամներն իրեն վախեցրել են, նաեւ խոստացել գողացածից փայաբաժին հանել: Ժ. Մարտիրոսյանը հայտնեց, որ Ա. Փ.-ն ցույց է տվել, թե նրանք ինչպես են հիդրավլիկ մկրատով կտրել խանութի մետաղյա ճաղավանդակը: Ա. Փ.-ն այս մասին ցուցմունք է տվել ոստիկանությանը: Ավտոպահեստամասերի խանութում փորձաքննություն է կատարվել, գողերի ոտնահետքերի նմուշներ են վերցվել: Ժ. Մարտիրոսյանն ասաց, որ Աչաջուր գյուղի կենտրոնում գտնվող խանութի տեսախցիկն արձանագրել է գողերի մեքենայի շարժը:

Դեպքից մեկ ամիս է անցել, սակայն, գյուղապետի վկայությամբ՝ գործի բացահայտում չի արվում, այս հանցագործության գործով ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան: Ժորա Մարտիրոսյանը ստիպված է եղել  գրավոր դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գագիկ Կոստանյանին: Ազատամուտի գյուղապետին ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ այս գործի նկատմամբ հսկողությունը դրված է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի վրա:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031