Օրերս Լեռնային Ղարաբաղում Նախաձեռնող խումբը հայտարարություն տարածեց աջակենտրոն քաղաքական կազմակերպություն` Արցախի Հանրապետական կուսակցություն ստեղծելու մասին: Նախաձեռնող խմբի համանախագահողներից` Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր Կարեն Օհանջանյանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ընտրեցին «Հանրապետական» անվանումը, արդյոք կուսակցությունը չի՞ ասոցացվի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: «Մենք որեւէ կապ չունենք Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, եւ «Հանրապետական» անվանումը Հայաստանի Հանրապետական կուսակցության բրենդը չի, այլ քաղաքական գաղափարախոսության հասկացություն է, որի հիմքը ժողովրդավարական եւ համամարդկային արժեքներն են»,- պատասխանեց Կարեն Օհանջանյանը` չբացառելով, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համագործակցության հնարավորությունները: